ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Հայաստան

  • 10:41 17.11.2025

Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է, որ Հուքերի այցի նպատակն է «առաջ մղել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականը»։

«Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,- հայտնում է դեսպանատունը։

Հուքերի այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ։