
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ է հայտարարել «Տաշիր կապիտալ» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատիրոջ լիցենզիան։ Հանձնաժողովի նիստը տևել է երեք օր։
Հանձնաժողովը չեղյալ հայտարարելու պատճառների մեջ նշել է ուրոշ խախտումներ, այդ թվում՝ տվյալների կեղծումը, ուշացած միացումները և անտեղի վարկային երաշխիքներ։
Հանձնաժողովը նաև գրանցել է էլեկտրաէներգիայի մատակարարման ցուցանիշների վատթարացում 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում (2024 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ)։
«Էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին պաշտոնակատար տնօրեն Դավիթ Ղազինյանը, հայտարարել են, որ վարույթը զուտ քաղաքական է և սկսվել է Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության սեփականատեր, ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի դեմ արված հայտարարություններից անմիջապես հետո։
«Տաշիր կապիտալ»-ի փաստաբան Արամ Օրբելյանը շեշտեց, որ ընկերությանը «Էլցանցի»-ն կառավարելու լիցենզիայից զրկելը փաստացի ենթադրում է սեփականության իրավունքից զրկում, և որ դա պետք է գնահատվի՝ միջազգային իրավունքի և ՀՀ Սահմանադրության համապատասխանությունն ապահովելու առումով։
2016 թվականից ի վեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանյան հայ գործարար Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված «Տաշիր» ընկերությունների խմբին։ Հուլիսի 22-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը կասեցրեց ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերը, որոնք թույլատրում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ազգայնացումը, և կոչ արեց զերծ մնալ ընկերության ակտիվները բռնագրավելու հետագա քայլերից։
Պետությունը և «Էլցանց»-ի սեփականատերերը պետք է համաձայնության գան ընկերության ակտիվների փոխանցման վերաբերյալ երեք ամսվա ընթացքում, լրագրողներին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը։
«Հաջորդ երեք ամիսների ընթացքում պետությունը կսկսի բանակցություններ սեփականատիրոջ հետ գույքի սեփականության փոխանցման վերաբերյալ։ Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ այս երեք ամիսների ընթացքում, պետությունը կարող է բռնագրավել սեփականությունը՝ հիմնվելով գերակա հանրային շահի վրա», – նշել է Մեսրոպյանը։
Նրա խոսքով՝ սեփականության իրավունքը պետությանը փոխանցելուց հետո այն կորոշի ընկերության կարգավիճակը։ Մասնավորապես, հնարավոր է երեք տարբերակ՝ վաճառք մեկ այլ ընկերության, պետական բաժնեմասով կոնսորցիումի կառավարում կամ պետական կառավարման շարունակություն։