
Վաղարշապատ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հաղթանակից հետո Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր գրառման մեջ նաև արձանագրել է. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։
Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը հակադարձում է վարչապետ Փաշինյանին՝ «որևէ ընտրության արդյունք չի կարող դիտարկվել իբրև եկեղեցու ինքնավարությանը միջամտելու գործոն»:
Ինչպե՞ս կարող է Էջմիածնի ՔՊ քաղաքապետը անել այն, ինչ ոչ ոք չէր արել։ Քաղաքապետը չի կարող միջամտել եկեղեցու գործերին. կաթողիկոսի հրաժարականին կամ ընտրությանը։ Բայց նա, անշուշտ, կարող է հասնել նրան, որ Ավագանին որոշում կայացնի եկեղեցու սեփականության վերաբերյալ։ Կառավարությունը, որը 1990-ականներին եկեղեցիները որպես սեփականություն փոխանցել է Հայ Առաքելական Եկեղեցուն, չի կարող չեղյալ համարել իր սեփական որոշումը, քանի որ դա կվտանգի ողջ սեփականաշնորհման գործընթացը։ Սակայն առանձին համայնքները կարող են բռնագրավել իրենց տարածքներում գտնվող եկեղեցու սեփականությունը՝ հղում անելով «համայնքային գերակա շահերին»։