Վերադարձի իրավունքն իրացվելի չէ, եթե միջազգային հարթակում չի ձեւավորվել անվտանգային միջավայր

  • 13:30 18.11.2025

«Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով այսօրվա քննարկման ժամանակ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին։

Նա ասաց, որ Արցախի դեպքում մենք խոսում ենք բռնի տեղահանության մասին, տեղահանությունը տեղի է ունեցել, այն նաեւ շարունակական բնույթ է կրում։ Եվ քանի դեռ միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքը չի ապահովվել, գործ ունենք մարդկության դեմ շարունակական իրականացվող հանցագործության հետ։

«Վերադարձի իրավունքը ենթադրում է կոլեկտիվ ասպեկտ։ Որքան էլ միջազգային ատյանները յուրաքնաչյուր կոնկրետ դեպքով արձանագրեն, որ բռնի տեղահանվածն իր բնակավայր վերադառնալու, իր գույքից օգտվելու իրավունք ունի, այն փաստացիորեն իրացվելի չէ, եթե միջազգային հարթակում չի ձեւավորվել անվտանգային այնպիսի միջավայր, որի շնորհիվ անձինք կարող են անվտանգ, արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց հայրենիք»,- ասաց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ եթե անձը պետք է վերադառնա մի վայր, որտեղ այլեւս իր ինքնությամբ չի կարող հետագա կենսակերպն ապահովել, նշանակում է՝ մենք չունենք վերադարձի իրավունք։ «Եվ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է հենց կապել վերադարձի իրավունքի անհնարինության ստեղծման հետ»,- նշեց նա։