Արցախցիների վերադարձի վերաբերյալ վաշինգտոնյան համաձայնագրերում ոչինչ չկա, դա նշանակում է՝ քաղաքացու ճանապարհն ազատ է

  • 13:54 18.11.2025

«Քանի դեռ Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրում չկա կետ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են լուծել արցախցիների վերադարձի հարցը, իսկ դա եւ գույքի մատչելիության, եւ փոխհատուցման հարցն է, մեր դռները բաց են դեպի միջազգային ատյաններ։ Եվ գրեթե չկա ժամկետային սահմանափակում։ Սա, իհարկե, Հայաստանի կառավարության մեծ բացթողումն է, որովհետեւ դա ձեռնտու է Ադրբեջանին, բայց մյուս կողմից Ադրբեջանը չի կարող կասեցնել անհատական գանգատների հոսքը դեպի ՄԻԵԴ, վաղը դրանց Ադրբեջանը պետք է պատասխան տա»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի օգուտն այն է, որ ոչ թե 120 հազար դիմում է գնալու միջազգային ատյաններ, այլ մի քանի հազար են գնալու, որովհետեւ դա մեծ ռեսուրսների հետ է կապված, իրավապաշտպանները չեն կարող բոլոր արցախցիների անունից անհատական գանագտներ ներկայացնել։

«Ընդհանրապես այդ համաձայնագիրը շատ հեռու է խաղաղության պայմանագրից, որովհետեւ խաղաղության պայմանագրերը լինում են հարյուրավոր էջերով, հավելվածներով, մանրամասն մեխանիզմներով։ Միայն Բոսնիայի պատերազմի համաձայնագիրը որ նայեք, վերադարձի վերաբերյալ մի ամբողջ հավելված կա։ Իսկ այստեղ դա չկա, դե եթե չկա, նշանակում է՝ քաղաքացու ճանապարհն ազատ է, նա պետք է գնա միջազգային դատարան։ Եվ միջազգային դատարանը կընդունի գանգատ այնքան ժամանակ, մինչեւ այստեղ այս երկու պետությունները չստեղծեն հատուցման ու վերադարձի մեխանզիմները։ Դա արդեն միջազգային իրավունքով հաստատված մոտեցում է»,- ասաց նա։