Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները հաղթանակով են վերադարձել Սանկտ-Պետերբուրգից

  • 14:17 18.11.2025

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տաղանդաշատ սաները նոյեմբերի 17-ին հաղթանակով են վերադարձել ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքից, որտեղ նրանք մասնակցել են միջազգային մրցույթի ու հանդես եկել համերգային ծրագրով։

Երեխաների երազանքն իրականություն է դարձել Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանի նախաձեռնությամբ և մի շարք բարեգործ մարդկանց շնորհիվ։

Արցախցի երեխաները Սանկտ-Պետերբուրգում հետաքրքիր ու հագեցած 4 օր են անցկացրել ու հաղթանակած վերադարձել տուն։ Ինչպես պատանի երաժիշտներն են ասում՝ Արցախից հեռու, սակայն Արցախը սրտերում՝ հայկական երգեր են հնչեցրել ՌԴ խոշորագույն քաղաքներից մեկի բեմում, նվագել դաշնամուրի վրա՝ ինչպես երբևէ, ու զբաղեցրել առաջին մրցանակային տեղեր։ Մեզ հպարտություն պարգևած երեխաներն են՝ Գալստյան Վլադիմիր, Մանասյան Վլադիմիր, Համբարձումյան Միքայել, Սաֆարյան Արման, Զաքարյան Վիլեն, Սարգսյան Սրբուհի, Գասպարյան Արմինե։

Սաներն իրենց երախտագիտությունն են հայտնում Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանին ու բոլոր դասատուներին՝ իրենց մեծ հաղթանակը վերագրելով նրանց տված առաջին դասերին ու նոտաներին։

Արցախցի պատանիները վառ տպավորություններով, ապագայում նորանոր հաղթանակներ գրանցելու տրամադրվածությամբ են վերադարձել ուղևորությունից։

Դաշնակահար, մրցույթում առաջին հորիզոնական տեղը գրաված, 2023-ի սեպտեմբերի 20-ին զոհված հերոսի որդի Վլադիմիր Գալստյանը չի կարողանում զսպել հպարտությունը։  Նա համարում է, որ այս հաղթանակը սաների ու դասատուների տքնաջան աշխատանքի ու նպատակասլացության արդյունքն է։

Նշենք, որ Արցախի տեղահանությունից հետո Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի շնորհաշատ երեխաները հանդես են եկել Հայաստանի տարբեր բեմերում՝ ամենուր հնչեցնելով Արցախի անունը։

 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ