
«Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձեւերը կան, որոնք Ադրբեջանն իր օգտին է մեկնաբանում, բայց փաստ է՝ ՄԱԿ-ի չորս բանաձեւերում անդրադարձ է կատարվել Արցախի ինքնահռչակման փաստին, պատմական-իրավական իրողությանը»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով այսօրվա քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք չի գնահատել, որ Արցախի անկախության ինքնահռչակումը խախտել է միջազգային իրավունքը, եւ նոր ստեղծվող պետության ձեւավորումը պետք է միջազգայնորեն արգելափակել։ Մի բան, որը տեղի է ունեցել բազմաթիվ համանման իրավիճակներում, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության դեպքում։
«Կա Արցախի անկախության ինքնահռչակման եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախության ինքնահչռակման տարբերությունը։ Մեկը կախտում էր Կիպրոսի տարածքային ամբողջականությունը, եւ ՄԱԿ-ի ԱԽ-ն կոլեկտիվ չճանաչման կոչ արեց միջազգային հանրությանը, արգելեց որեւէ պետության ճանաչել Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության անկախությունը։ Նույն իրավիճակը քննվեց Արցախի պարագայում, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չպահանջեց միջազգային հանրությունից չճանաչել Արցախի անկախությունը։ Ինչո՞ւ չպահանջեց, որովհետեւ չգտավ, որ Արցախի անկախության ինքնահռչակումը խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա իրավունքն է, թե քաղաքականությունն ինչպես ընթացավ, ինչպիսի լուծումներ ունեցանք, դա այլ տիրույթում է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։