Լեռնիկ Հովհաննիսյան. Արցախում մնացել է 5658 հուշարձան, որից 385 եկեղեցի, 60 վանական համալիր

  • 17:00 18.11.2025

Արցախում մնացել է 5658 հուշարձան, որից 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2835 խաչքար, 400 գերեզմանոց, որոնք մինչեւ 19-րդ դարն էին ձեւավորվել։ Այսինքն՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության մի ստվար հատվածն այսօր բռնազավթված է թշնամու կողմից։ Այս թվերն այսօր «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նմա նշեց, որ արցախցիների բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային ժառանգությունը կործանման վտանգի առաջ է, Ադրբեջանն այսօր այդ հարցում հատել է բոլոր կարմիր գծերը, ոչ մի միջազգային կոնվենցիա, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներն այլեւս հաշվի չի առնում։

Հայկական մեդիա դաշտում պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն, թե Ադրբեջանն Արցախում ինչ ավերածություններ է գործում։ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց, թե իրենց հասած տեղեկություններով որ բնակավայրերն ու հուշարձաններն է ավերել ու ոչնչացրել Ադրբեջանը։

«Մենք տարբեր տեղեկատվական միջոցներով տեղեկացանք, որ արդեն գոյություն չունեն Շուշիի սուրբ Հովհաննես Մկրտիչ Կանաչ ժամը, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, Հադրութի շրջանի Մոխրոնես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, Մարիամաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում էլ թափառող կենդանիներ են պահվել»,- ասաց նա։ Հիմնահատակ ավերվել են Արցախի մի շարք բնակավայրեր, ինչպես, օրինակ, Քարին տակ գյուղը։

«Այսինքն, ավերելով մեր բնակավայրերը, մեզ զրկում են մեր պատմական լանդշաֆտից, որը մեր ինքնության կարեւորագույն պայմաններից մեկն է»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։ Հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ Ադրբեջանը նաեւ յուրացման քաղաքականություն է վարում։

Լեռնիկ Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգությանը, ասաց, որ դրա հիմնական կրողը մարդն է՝ արցախցին։ Բայց այսօր, կտրված լինելով իր պատմական լանդշաֆտից, արցախցին չի կարողանում յուրացնել այն մշակութային առաձնահատկությունները, որոնք ունեցել է իր հայրենիքում։ «Հետեւաբար, այսօր թիվ մեկ խնդիրն արցախցիների արտագաղթն է եւ նրանց ցրված ապրելը ՀՀ տարածքում։ Արցախցիների ինքնությունը պահպանելու համար համայնքը պետք է միասնական բնակեցնել»,- հավելեց նա։