
Ստեփանակերտ
«Ժամանակի ընթացքում՝ 10-20 տարի հետո գնալով ավելի ու ավելի սրությամբ է Ադրբեջանի առջեւ կանգնելու ոչ միայն այն, թե՝ ո՞ւր են Արցախի հայերը, այլ նաեւ՝ բա էդ գույքը ի՞նչ եղավ։ Եվ Ադրբեջանն իրավաբանորեն չի կարողանալու տալ սպառիչ պատասխաններ, հետեւաբար, մենք հենց գույքային իրավունքի ուղղությամբ պետք է երկարատեւ աշխատենք»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Ադրբեջանը մինչեւ հիմա չի հայտարարում՝ ազգայնացրե՞լ է հայերի թողած գույքը, թե՞ ոչ, որովհետեւ իրենք գիտեն՝ հենց այդ օրենքը հրապարակվեց, այդ պահից այդ օրենքը լեգիտեմ չէ։ Իրենք իրավունք չունեն ազգայնացնել մի գույք, որը չի պատկանում պետությանը, այլ պատկանում է մասնավորին։ Բայց քանի որ մենք տեսնում ենք, որ այդ գույքն այսօր տալիս են ինչ-որ Հասանովի կամ Ալիեւի, նշանակում է՝ սկզբից ազգայնացրել են, հետո տվել են մասնավորին։ Մասշտաբային առումով ամենակարեւորը գույքի հարցն է, 120 հազար այնտեղ թողել են գույք, ինչպես Հյուսիային Կիպրոսում հույները մի քանի օրվա մեջ թողեցին իրենք գույքը»,- ասաց նա։
Արա Ղազարյանը հիշեցրեց, որ ավելի քան 40 տարի անց Թուրքիան ստիպված եղավ փոխհատուցել Հյուսիսային Կիպրոսի հույներին, եւ այսօր Ադրբեջանն իր աչքի առաջ ունի այս օրինակը, գիտի, որ վաղ թե ուշ կամ պիտի փոխհատուցի, կամ պետք է թույլ տա, որ մարդիկ վերադառնան ու ապրեն Արցախում։
Մասնագետի խոսքով՝ ժամանակն անցնում է, պետք է հասցնել հնարավորինս շատ արցախցիների անունից դիմումներ ներկայացնել միջազգային ատյաններ, որպեսզի գոնե արձանագրվի նրանց իրավունքը։