Հայ Եկեղեցուն Դոնի Ռոստովում վերադարձվել է ճեմարանի պատմական շենքը

  • 08:44 19.11.2025

Այսօր քչերը գիտեն, որ հայերով բնակեցված Դոնի Նախիջևանը մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է թեմական կյանքի հոգևոր կենտրոն, գրում է 24news-ը։

Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այստեղ է հիմնադրվում տարածաշրջանի լավագույն աստվածաբանական դպրոցը (1875 թ), իսկ 1881 թվականին կայսեր Ալեքսանդր II-ի հրամանագրով վերածվում  հոգևոր ճեմարանի։

Ճեմարանի պատմական շենքը, որը 150 տարի առաջ ծառայել է հայերին, Եզրաս սրբազանի հետևողական աշխատանքի արդյունքում ՌԴ իշխանություններն օրեր առաջ վերադարձրեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Այս իրադարձությունը թեմակալ առաջնորդի գնահատմամբ մեծ ձեռքբերում է թեմական կյանքում, քանի որ այն շարունակելու է ծառայել Դոն Ռոստովի հայերի հոգևոր և կրթական դաստիարակությանը:

Վեցամյա հայկական կրթությամբ ճեմարանը մեծ համբավ էր վայելում և արդեն 1915-1916 ուսումնական տարում ուներ 301 աշակերտ և 15 ուսուցիչ։ Նրա սաներից է եղել ծնունդով Նախիջևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ VI-ը: Կրթարանն իր շուրջն էր համախմբում մեծանուն մանկավարժների, մտավորականների ու բարերարների։ Հիշարժան է, որ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին Դոնի Նախիջևան կատարած այցելություններից մեկի ժամանակ նկար է նվիրաբերում թեմական դպրոցին:

1919 թվականի նոյեմբերի 20-ին դպրոցի շենքը բռնագրավվում են, իսկ  հոգևորական մանկավարժներին կեղծ մեղադրանքներով դատապարտում մահապատժի:

Չնայած  կարճատև կրթական գործունեությանը՝ հոգևոր ճեմարանը մեծ դեր է ունեցել Ռուսաստանի հայերի, հատկապես Դոնի շրջանի հայ երիտասարդության կրթության և դաստիարակության գործում:

Պատմական այդ առաքելությունն այսօր վերականգնված է: