Պարույր Հայրիկյանը չորրորդ օրն է՝ հացադուլի մեջ է. նա պահանջ ունի կառավարությանը

  • 16:34 19.11.2025

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շարունակում է կառավարությունից պահանջել, որպեսզի քննարկման դնեն իր մշակած Սահմանադրության նախագիծը։ Պարույր Հայրիկյանը չորրորդ օրն է՝ հացադուլի մեջ է։ Արդարադատության նախարարության շենքի մոտ այսօր նա հրապարակային ուղերձ հղեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։

Նա նշեց․ «Խախտել եք Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը՝ քննարկման չդնելով ձեզ փոխացված բարեփոխումների հայեցակարգը եւ մեր հեղինակած Սահմանադրության նախագիծը։ Ցավում եմ, որ ձեր ծանոթ-բարեկամների մեջ չկան մարդիկ, որ ձեզ զգուշացնեին, որ քրեական ծանր հանցագործություններն անհետեւանք չեն մնում դրանք կատարողների համար։ Դուք պարտավոր էիք, ինձնից հանրագիր ստանալուց հետո, այն փոխանցել նախ Սահմանադրական բարեփոխումների խորհրդին, որի ղեկավարն եք, ապա նաեւ՝ մասնագիտական հանձնաժողովին եւ կազմակերպեիք պատշաճ քննարկուներ։ Չեք արել, ուրեմն չարաշահել եք ձեր իշխանությունը, որպեսզի, խախտելով սահմանադրական օրենքի հստակ պահանջը, հայ ժողովրդին զրկեք առարկայորեն երկրի տերը դառնալու, Հայաստանն աշխարհի ամենաժողովրդավարական երկիր դարձնելու հնարավորությունից»,- ասաց Հայրիկյանը։

Նա նշեց, որ այսպիսով Սրբուհի Գալյանը ստանձնում է կոռուպցիոն հանցախմբի կամավոր աջակցի դերը եւ դառնում այդ կոռուպցիոն հանցախմբի անդամ։ Նրա խոսքով՝ նախարարը հայտարարել է, որ թքած ունենալով հայեցակարգ ներկայացնելու պահանջի վրա՝ միանգամից նոր Սահմանադրության տեքստ են գրում։ «Տիկին արդարադատության նախարար, օրենսդրությունն այն բանի համար է, որ դրանով առաջնորդվենք, դուք այն անտեսելով՝ հանցախմբի ղեկավարի հրամաններո՞վ եք առաջնորդվում։ Ո՞վ է ձեզ համոզել, թե մարսելու եք այսօրինակ կեցվածքը եւ չեք դառնալու քրեակատարողական հիմնարկի բնակիչ։ Ես հորդորում եմ ձեզ շտապ կարգով ուղղել ձեր սխալը»,- հայտարարեց նա։

Պարույր Հայրիկյանը պահանջեց, որպեսզի իրեն քննարկման հրավիրեն նախարարությունում, նրա պահանջը բավարարեցին եւ հրավիրեցին քննարկման։