
Արցախցի գեղեցկուհու Արփինե Հարությունյանի մասին գրել էինք բազմաթիվ անգամ: Այժմ աշխատանքի և բոլոր ակտիվությունների հետ զուգահեռ նա զբաղվում է քյորլինգով և անվասայլակով քյորլինգի Հայաստանի հավաքականի անդամ է: Օրերս նա հերթական անգամ մասնակցեց Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցույթին: Step1.am հետ զրույցում Արփինեն պատմեց իր նոր սպորտային զբաղմունքի մասին և կիսվեց հաջողություններով:
“Այս տարվա սկզբին հրավեր ստացա միանալու Հայաստանի անվասայլակով քյորլինգի թիմին: Ես սիրում եմ ամառ, արև, և սկզբից ինձ շատ խորթ թվաց քյորլինգի սառցե աշխարհը: Բայց մտածեցի՝ կարելի է փորձել, ինչու ոչ: Կարևորը, որ աշխատանքիս հետ համատեղելի էր:
Թիմում ընդգրկվելուց 2 ամիս անց հրավեր ստացանք մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում իրականացվող «Նևսկի գավաթ 2025» մրցաշարին: Անկասկած կարող եմ նշել, միանգամից գրավեց ինձ քյորլինգի աշխարհը: Առաջին հայացքից հաստատ ուրիշ կարծիք ես կազմում, բայց արդեն խաղի մեջ անհավանական են այդ էմոցիաներն ու սպորտային աշխարհը:
Արդեն հասցրել եմ մասնակցել մրցույթներին 2 անգամ, մայիսին ու նոյեմբերին: Նոյեմբերին կայացած միջազգային մրցույթում, ի տարբերություն մայիսին, երբ խաղում էինք երկուսով, այս անգամ խաղացինք 4 հոգով: Թիմեր կային Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Ռուսաստանի տարբեր մասերից:
Ցավոք, Հայաստանում դեռ չուեննք քյորլինգի դաշտ, բայց մրցումներին գնալուց անկակասած երևում է թիմի աճը:
Մրցանակային տեղ չենք գրավել, բայց խաղերը անցնում էին շատ մրցակցային պայմաններում, մրցույթը մեզ համար նոր հնարավորություն էր ուժերը փորձելու փորձառու մարզիկների հետ։ Այսպիսի հանդիպումները ոչ միայն բարձրացնում են մեր մարզական փորձը, այլ նաև նոր մոտիվացիա են տալիս շարունակելու առաջ ընթանալ։
Մասնակիցները բոլորը պարտադիր խաղում են անվասայլակով, մրցումները հենց այպես էլ կոչվում են:
Ինչ վերաբերում է իմ զգացողությունների, լինելով արցախցի ու Հայաստանի անվասայլանկով քյորլինգի թիմի փոքրիկ մասնիկը, անկասկած շատ պարտավորեցված են, նաև հաճելի է: Հուսանք, դեռ շատ առիթներ կլինեն դրոշը ծածանելու ու հաղթանակներով վերադառնալու:
Ծրագրավորման աշխարհին զուգահեռ սառույցը ինձ համար իրական ազատություն է”:
Արսեն Աղաջանյանՙ