Հովիկ Ավանեսով․ Բաքուն Քաշաթաղում իսլամական հուշարձան է ոչնչացրել

  • 17:19 19.11.2025

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը նշում է, որ ժամանակավորապես բռնազավթված Արցախի տարածքում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել մշակութային ցեղասպանություն։

Նրա խոսքով՝ եթե անցյալում միջազգային կառույցները մտահոգություն էին հայտնում հայկական մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման մասին, ապա այժմ պարզ է, որ նույն քաղաքականության թիրախ են դարձել նույնիսկ իսլամական հուշարձանները։

Ավանեսովը ընդգծում է, որ վերջին ամենաուղղակի և ուշագրավ դեպքերից մեկը Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի շիական մզկիթի հիմնահատակ ոչնչացումն է՝ «շինարարական աշխատանքների» պատրվակով։

Նա մատնանշում է, որ «Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող» հիմնադրամի համատնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հրապարակած տվյալներն ու փաստերը վկայում են պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության մասին։

Ավանեսովը հիշեցնում է նաև, որ 2020 թ․ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը դիտավորությամբ թիրախավորում էին Շուշիի մզկիթները։ Մասնավորապես՝ նոյեմբերի 1-ին Շուշիի հրթիռակոծության հետևանքով վնասվել է նաև Գոհար Աղայի Վերին մզկիթը։

Նրա դիտարկմամբ՝ այս ամենը մաս է կազմում միևնույն քաղաքականության, որը միտված է վերացնել տարածաշրջանի պատմական բազմազանությունը, «միատարրացնել» մշակութային հիշողությունն ու վերաշարադրել անցյալը։

Ավանեսովը հայտնում է, որ փաստերի համադրությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանի պետական համակարգը գործում է ոչ թե որպես տարածաշրջանային կայունության ու ժառանգության պահպանության պատասխանատու, այլ որպես քաղաքակրթական արժեքների համակարգված ոչնչացման նախաձեռնող։ Նրա գնահատմամբ՝ այս վարքագիծը բացահայտ խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Հաագայի կոնվենցիայի և մի շարք միջազգային համաձայնագրերի դրույթները, որոնք պարտավորեցնում են պաշտպանել նաև այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը։

Ավանեսովը նախազգուշացնում է, որ Ադրբեջանի գործողությունները վտանգում են տարածաշրջանի դարավոր պատմա-մշակութային լանդշաֆտը։ Ոչնչացվում են ոչ միայն հայկական եկեղեցիներն ու պատմական կոթողները, այլև հենց Ադրբեջանի համար «սեփական» համարվող իսլամական կառույցները։

«Սա ապացուցում է, որ խնդիրը ազգային պատկանելությունը չէ. սա պետականորեն ձևավորված քաղաքականություն է, որի նպատակն է ամրապնդել տարածքային բռնազավթումը՝ մշակութային միջավայրի ոչնչացման միջոցով»,– նշում է նա։

Ավանեսովը ընդգծում է միջազգային արձագանքի անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ մշակութային ժառանգության ոչնչացումը որևէ տարածաշրջանում չի կարող դիտարկվել որպես տեղային խնդիր։

«Սա մարտահրավեր է համաշխարհային քաղաքակրթությանը, և այս համատեքստում Ադրբեջանը ներկայանում է որպես համաշխարհային մշակութային ժառանգության անվտանգության իրական սպառնալիք»,– նշում է նա։

Մարիամ Սարգսյան