
Ուկրաինան պետք է Ռուսաստանին զիջի երկրի արևելքի տարածքները, կրճատի իր զինված ուժերի թվաքանակը և հրաժարվի որոշակի զինատեսակներից. այս պահանջները ներառված են Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու նոր ծրագրում: Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, հայտնել են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ Reuters-ը և Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ-ն իր նոր ծրագրին «ուղեկցում է» ճնշումներով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի վրա: Կոնգրեսը պատրաստում է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների օրինագիծ, բայց մյուս կողմից, ԱՄՆ-ն չի «առարկում» Ռուսաստանի ներկայիս ռազմական հաջողությունները Ուկրաինայում: Պատահական չէ նաև, որ Կիևում կոռուպցիոն սկանդալ է հասունանում, որը խալխլում է Վլադիմիր Զելենսկու իշխանությունը։
Այս ֆոնին Ուկրաինայի նախագահը մեկնել է Թուրքիա՝ բանակցությունների և արդեն հանդիպել է Էրդողանի հետ: Ուկրաինան դեռևս չի հայտարարել «խաղաղության» պայմանների ընդունման մասին, բայց Զելենսկին չափազանց խոցելի է ևս մեկ մերժման համար:
Թրամփի նոր ծրագիրը նախատեսում է ամբողջ Դոնբասը հանձնել Ռուսաստանին, չնայած Ուկրաինան դեռևս վերահսկում է տարածաշրջանի տարածքի մոտ 14.5%-ը: Դրա դիմաց Կիևը կարող է հույս դնել ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգության երաշխիքների վրա: Axios-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը կարծում է, որ Ուկրաինան կկորցնի քննարկվող տարածքները՝ անկախ պատերազմի շարունակությունից, «այնպես որ Ուկրաինայի շահերից է բխում համաձայնության գալ հիմա»: Թրամփի ծրագիրը նաև նախատեսում է սառեցնել ներկայիս առաջնագծերը Խերսոնի և Զապորոժյեի մարզերում:
Ֆայնենշլ Թայմսի տվյալներով՝ Թրամփի ծրագիրը նաև նախատեսում է կիսով չափ կրճատել Ուկրաինայի զինված ուժերի չափը և սահմանափակել Կիևի կողմից Ռուսաստանի խորքը հարվածելու ունակ հեռահար զենքի օգտագործումը:
Վերլուծաբանները նշում են, որ այս ծրագիրը շատ նման է Գազայի վերաբերյալ վերջերս ընդունված ԱՄՆ ծրագրին: Այնուամենայնիվ, հենց Հայաստանը պետք է համարվի նման ծրագրի նախադեպ: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագիրը» փաստացիորեն նշանակում է հրաժարվել Արցախից և «խաղաղ ուղի»: «Ապառազմականացման» շրջանակներում Հայաստանն արդեն հայտարարել է պաշտպանական ծախսերի և զինվորական ծառայության տևողությունը 2-ից 1.5 տարի կրճատման մասին։
Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը, որը բազմիցս շնորհավորել է Ալիևին «հաղթանակի» և տարածքների վերադարձի կապակցությամբ՝ Էրդողանին և Ալիևին անվանելով լավագույն ընկերներ, այժմ հայտնվել է ավելի վատ վիճակում, քան Հայաստանը կամ նույնիսկ Գազան։ Արցախում ռազմական «կարգավորման» հավանությունը չէր կարող չանդրադառնալ Ուկրաինայի և անձամբ Զելենսկու դեմ, ովքեր այժմ հայտնվել են վտանգավոր շեմին։
Կկարողանա՞ Զելենսկին պահպանել իշխանությունը։ Մասնագետներն արդեն քննարկում են նրան փոխարինելու առնվազն երկու թեկնածու՝ Զալուժնիին և Բուդանովին։ Սակայն երկուսի համար էլ հեշտ չի լինի բացատրել չորս տարի կռվող ուկրաինացիներին, թե ինչու էին նման զոհողությունները անհրաժեշտ, եթե նրանք, ի վերջո, ստիպված կլինեն հրաժարվել իրենց տարածքներից, քանի որ Ռուսաստանը ուժեղ է։
Քաղաքագետները համեմատում են Հայաստանի և Ուկրաինայի անցած ուղիները։ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունը հրաժարվեց ուժային դիմադրությունից՝ հավատալով, որ միայն տարածք զոհաբերելով կարելի է պահպանել պետականությունը։ Ուկրաինայի ղեկավարությունը և նրա ժողովուրդը ընտրել են դիմադրության ուղին՝ անցնելով ավերիչ պատերազմիմիջով, բայց, ի վերջո, ևս կհանգեն այն եզրակացության, որ պետականությունը պահպանելու համար տարածքներ պետք է զոհաբերեն։