
Արցախից բռնի տեղահանված անձինք այս օրերին իրենց դժգոհությունն են հայտնում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծով նախատեսված կարգավորումների մասին, որոնք վերաբերում են արցախցի փոքր կազմով ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։
Ավելի վաղ տեղակացրել էինք, որ հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից բռնի տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների հանրագումարը 175 եւ ավելի է՝ 3 անդամի դեպքում:
Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40 000 դրամ:
Սոցիալական ցանցում արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել այս նախագծի վերաբերյալ։ Մասնավորապես, նրանք դժգոհում են, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է արցախցիների վերաբերյալ որոշումներ կայացնել՝ իրենց հետ քննարկումներ չանցկացնելով ու իրենց առաջարկությունները հաշվի չառնելով։ Նրանք կոչ են անում արցախցիներին հրավիրել կառավարություն քննարկման։
Step1.am-ն առանձնացրել է արցախցիների դժգոհությունների մի մասը։
«Տարիներով Արցախում տունուտեղ դրած, անգամ սեփական մի քանի գույքի տեր արցախցիներն իրենց մեղքով չեն հայրենազուրկ դարձել եւ ոչ էլ արժանի են նման նվաստացուցիչ վերաբերմունքի»։
«Տասը տարի հետո ասելու են՝ ձեր հասնելիք գումարը տվել եմ, ոչ մեկը չպիտի էդ խայտառակ ծրագրին համաձայնվե, վերջան մնալու են առանց տուն»։
«Անմիտ նախագիծ է` ոչինչ չտվող, մեր ժողովրդի նյարդերի հետ խաղացող։ Դրա փոխարեն պետք է շենքեր կառուցեն ու բաժանեն արցախցի ընտանիքներին»։
«Բայց կառավարությունը տեղյա՞կ է,որ 3 հոգանոց ընտանիքը 3 հատ տան վկայական ունի հետը բերած, չհաշված մնացած կորուստները, թող բնակարանով ապահովեն»։
«Միայնակ ապրողների համար շատ դժվար է։ Տան վարձերը շատ բարձր են։ Պետք է պետությունը տներով ապահովի, 40 հազարով միայնակ ապրող հաշմանդամ թոշակառուն երբեք չի կարող տան վարձ մուծել»։
«Կառավարությունը պետք է բոլոր այն արցախցիներին, ովքեր չունեն սեփականություն Հայաստանում, ապահովի բնակարաններով, քանզի այլեւս անհնար է վարձակալությամբ մնալը։ Փոքրաթիվ ընտանիքներն առանձնապես վատ վիճակում են»։
«Չորս հոգանոց ընտանիքը ենք, ի՞նչ կապ ունի՝ ընտանիքը 1, 3 հոգանոց է, թե՞ 4 եւ ավել է, մարդկանց ինչի՞ են փողի գերի դարձնում, թող վերանայեն ծրագիրը, ապահովեն բնակարաններով, ուր՞ կորան արտասահմանից արցախցիների համար ուղարկված փողերը, ամոթ է»։
«Շատ սխալ ծրագիր է տարեցներիս համար,այսինքն՝ ես 65 տարդկան եմ, ամուսինս՝ 70 տարեկան, ապրում ենք հանրակացարանու, եւ այդ տան վարձը 100 000 դրամ է՝ առանց կոմունալի, ամիսը մեր վրա նստում է 135 հազար։ Մենք 10 տարի չենք ձգի»։
Արցախցիները դժգոհում են նաեւ տների գների թանկացումից, ասում են, որ բնակապահովման սերտիֆիկատներով չեն կարողանում նորմալ տներ գտնել, քանի որ զուգահեռ թանկացել են անշարժ գույքի գները։
«Մեր արցախցիները չեն կարող բնակարան գնել, որովհետեւ թանկացրել են, իսկ այն արցախցիները, ովքեր որ տուն են ձեռք բերել, վարկի տակ են ընկել կամ եթե վարկ չեն տրամադրել ոսկու վարկի տակ են ճռռում»։
«Ավելի լավ կլինի՝ պետությունը վերահսկի բնակարանների աճը։ Հավաբները վաճառում են միլիոններով։ Մեկ շաբաթ մի գին է, մյուս շաբաթ՝ ուրիշ»։
«Վեշմինին պետք չի իրանց տված ոչ 40, ոչ 50, ոչ 30 ոչ էլ ողորմելի հրատապը։ Հենա գիդումն հուր հինչա հսնում, 4 պատ տան թեկուզ անմխիթար վիճակում, մունք կսարքինք կամաց-կամաց։ Գիդանք, վեր մերնա։ Էս հինչա, ամեն օր մի նոր պենն մտածում մեզ նվաստացնին։ Հինչքան շտցնին սերտիֆիկատին գոմարնեն, էնքան տները թինգյումա, հի՞նչ օգուտ։ Էս ենթարկեցնող օրենքներն էլ հանին, մունք զալոժնիկ չնք, 10 տ չպիտի տյուս կյա՞նք։ Խե՞ են ամեն ձեւ նվաստացնում մեզ»։
«Արցախցիներին իրարից բաժանում են, Հայաստան հնարավո՞ր չէ մի քիչ հող տրամադրել, բոլորին իրար մոտ հավաքել, ոչ թե ցաք ու ցրիվ անել»։
Ռոզա Հովհաննիսյան