Հերոսական գյուղ Խնապատում խորհրդավոր լռություն է

  • 08:58 22.11.2025

Խորհրդավոր լռություն է այսօր տիրում Խնապատ գյուղում։ Թռչունների ծլվլոցն այլևս աղիողորմ լաց է հիշեցնում։ Բազմադարյա ծառերը դադարել են շշնջալ իրար ականջի նրանք սարսռում են գյուղի քար լռությունից։ Չեն լսվում դպրոց գնացող երեխաների ուրախ ձայները, որ շտապում էին չուշանալ դասերից։ Չեն լսվում գյուղամիջում նստած տարեցների զրույցներն ու հոգոցները երբեմն վիճաբանում էին, կարոտով հիշում անցյալը ու ոչինչ չէին հասկանում ներկայից։ Իսկ ապագան մշուշոտ էր նրանց համար․․․ Իսկ ո՞ւր են ջահել հարսները, որ թռվռալով  երեխաներին մանկապարտեզ ու դպրոց էին տանում, որ շուտ տուն դառնան, հասցնեն ընտանիքի հոգսերը հոգան ու երեկոյան սրտատրոփ սպասեն իրենց տղամարդկանց խնապատի տղամարդիկ՝ հպարտ և ուժեղ, աշխատավոր ու համարձակ։ Դատարկված է Խնապատը։

Գյուղի ամենանշանավոր սրբատեղին՝ Մեծ նանը, մնացել է մենմենակ։ Նա դիմանում է ցավին, հեռու հեռվից պահպանում իր ուխտավորներին։ Հազարամյա սրբավայրում քանի՜քանի՜ մոմեր են վառվել, իսկ ինչպե՜ս էր ժողովուրդը հավատում նրա զորությանը, լեգենդներ հյուսում։

Կուսական բնությամբ շրջապատված Մեծ նանը մի քարանձավ էր հիշեցնում, որի առաստաղից ու կողքերից ջուր էր կաթկթում: Սրբավայրին կից փոքրիկ աղբյուրի ջուրը ստորգետնյա էր ու այնքան սառնորակ, որ միանգամից հագեցնում էր մարդու ծարավը հավանաբար ցամաքել է կարոտի ցավից։ 

Խորհրդավոր լռություն է նաև գյուղի գերեզմանատանը։ Բազմադարյա շիրմաքարերը լուռ վկաներն են մեր պատմության, հաղթանակների ու ողբերգության։

Խնապատ (նախկինում Խանաբադ) գյուղն Արցախի Հանրապետության արևելյան հատվածում է գտնվում․ Ասկերան շրջկենտրոնից ՝ 3 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 19 կմ հեռավորության վրա։

Խնապատի տարածքում և շրջակայքում կան բազմաթիվ հուշարձաններ` միջնադարյան գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խաչքարեր և այլն։ Խաչեն և Կարկառ գետերի միջնամասում գտնվող այս բնակավայրը հայտնի է նաև հնագիտական մեծարժեք հուշարձաններով, որոնք հիմք են տալիս գյուղի պատմությունը վերագրելու շատ ավելի վաղ ժամանակների։ 1990 թվականին գյուղի արևելյան եզրամասում հայտնաբերվել են հազվադեպ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 11-9-րդ դարերին։ Գյուղի տարածքում զգալի են միջնադարյան պատմական կոթողները։ Գյուղի ամենահին թվակիր հուշարձանը Ցեց քար Խաչքարն է (13-րդ դար)։

Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի Ջրավեր (12-17-րդ դարեր), գերեզմանոց Նահատակ քարանձավ-սրբատեղի (17-րդ դարեր), Մեծ նան (միջնադար), Սբ․ Ատվածածին եկեղեցի (19-րդ դար), մատուռ (1224 թվական), գյուղատեղի Երեշեն (18-20-րդ դարեր), գյուղատեղի Վ. Ղլիջբաղ, Խնապատ գյուղից 3 կմ արևմուտք (12-20-րդ դարեր), գերեզմանոց (19-20-րդ դարեր), հաշվառկված է 42 հուշարձան։ Գյուղի տարածքը հարուստ է աղբյուրներով։ Հիշատակության են արժանի Կիղատեղ, Ճիրվաճուր,Ղազար և Շուղուն /Թևուն աղբյուրները, Սիյամանց աղբյուրը։

Հայրենական Մեծ և Արցախյան բոլոր պատերազմներում խնապատցին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել։ Հայրենականում Մեծ պատերազմում նահատակված խնապատցի հերոսների պատվին 1968 թվականին հուշակոթող է կառուցվել գյուղի հարավարևելյան բարձունքին, ինչպես նաև գյուղում կանգնեցվել էր Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսնադրին։ Խորհրդային տարիներին գյուղի կոլտնտեսությունը կրում էր նրա անունը։

Արցախյան առաջին պատերազմում զոհվել է 40, 2020 թվականի 44-օրյա պատերազմում՝ 4, իսկ վերջին ռազմական գործողություններում՝ 1 խնապատցի։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ի չարաբաստիկ պայթյունն ավելի է խոցել խնապատցիներին․ նորից զոհեր, վիրավորներ։

Խնապատը տվել է բազմաթիվ նշանավոր ու անվանի մարդիկ, որոնց անունները հայտնի են աշխարհի տարբեր երկրներում։

 

Եվ ահա այսօր, հերոսական հաղթանակներ կրելուց տարիներ հետո, բռնատեղահանվել է Խնապատը՝ հզոր արծիվների հերոսածին գյուղը ընկել է առանց մի կրակոցի։

Բնակչությունը ցրվել է աշխարհով մեկ։ Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը, որի մինուճար որդին ևս դարձել է սեպտեմբերի 25-ի պայթյունի զոհ, բնակություն է հաստատել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Նա շարունակում է ապրել իր համագյուղացիների կյանքով՝ հանդիսանալով կապող օղակ նրանց միջև։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ