
Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող ամերիկյան Firebird Inc. ստարտափը ԱՄՆ կառավարությունից Nvidia Corp. չիպեր Հայաստան արտահանելու թույլտվություն է ստացել, հայտնել է Bloomberg գործակալությունը։
Հունիսին Nvidia-ի հայտարարած այդ նախագիծը հնարավորոթյուն կտա ստեղծելու տարածաշրջանում արհեստական բանականության վրա հիմնված տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ տվյալների կենտրոնը։ 100 մեգավատտ հզորությամբ օբյեկտը, որի նախնական ներդրումը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար, կօգտագործի Dell Technologies Inc-ի՝ արհեստական բանականության վրա հիմնված սերվերներ և Nvidia-ի Blackwell պրոցեսորներ։
Firebird կայանի հզորության մոտ 20%-ը կպահվի հայկական ընկերությունների համար, մինչդեռ մնացած 80%-ը կվաճառվի տարածաշրջանում բիզնեսով զբաղվող ամերիկյան ընկերություններին։ Առաջին փուլը կֆինանսավորվի Firebird-ի ներգրաված պարտքերի և կապիտալի միջոցով, որը ֆինանսավորում է Moderna Inc.-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։
Ընկերությունը փնտրում է մաքուր էներգիայի, մասնավորապես՝ միջուկային, հիդրո և արևային էներգիայի աղբյուրներ ունեցող վայրեր։ Հայաստանում միջուկային էներգիան հեշտությամբ հասանելի է։ 100 մեգավատտ հզորությամբ կայանի համար անհրաժեշտ կլինի նույն քանակությամբ էլեկտրաէներգիա, որքան անհրաժեշտ է մոտավորապես 75 հազար տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար, գրում է Բլումբերգը։
Որտեղի՞ց է Հայաստանը ստանալու գերհամակարգչի համար անհրաժեշտ էներգիան: Արդյո՞ք գործարքը նշանակում է, որ Հայկական ատոմակայանը (ՀԱԷԿ) անցնում է ԱՄՆ վերահսկողության տակ, թե՞ կկառուցվեն նոր մոդուլային ատոմակայաններ:
Ատոմային էներգիան ռազմավարական նշանակություն ունի: Ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Թուրքիայում, միայն Հայաստանին է «վստահված» ատոմակայան (Ռուսաստանը միայն հիմա է ավարտում ԱԷԿ-ի շինարարությունը Թուրքիայում, իսկ Իրանում գտնվող ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել մի քանի տարի առաջ): ԱՄՆ-ի խաղադրույքը Հայաստանի՝ որպես տարածաշրջանում միջուկային էներգիայի աղբյուրի վրա կարող է լինել որոշիչ գործոն: