Լույս ստեղծող երկու ընկերուհիներ․ Շուշանն ու Ասպրամը

  • 09:54 23.11.2025

Մոմերի ու տարոսիկների պատմությունը ծնվել է միանգամայն բնական ձևով։ «Մենք երկար ժամանակ աշխատանքից հետո հանդիպում էինք, մի քիչ խոսում, մի քիչ հանգստանում ու հաճախ հայտնվում էինք նույն թեմայի շուրջ՝ ինչ-որ նոր բան ստեղծել, որը կլինի մեր ձեռքի գործը»,- պատմում է Շուշան Մարտիրոսյանը, ով ընկերուհու՝ Ասպրամի հետ հեղինակում է մոմեր։

Նրա խոսքով՝ գաղափարներ շատ կային, բայց միշտ ինչ–որ բան կանգնեցնում էր՝ ժամանակը, վստահությունը, կամ պարզապես այն զգացողությունը, որ «դեռ վաղ է»։

«Մի օր հասկացանք՝ եթե չենք սկսում հիմա, ապա չենք սկսի երբեք։ Ու հենց այդ պարզ որոշումից ամեն ինչ տեղը ընկավ։ Ընտրեցինք մի գաղափար, որը առաջին հայացքից փոքր էր թվում՝ մոմեր և տարոսիկներ պատրաստել։ Հաջորդ իսկ օրը արեցինք առաջին փորձերը»,- ասում է Շուշանը, ով հաճախ է սոցիալական էջերում արդեն զետեղում գունավոր ու գեղեցիկ մոմերի լուսանկարներ։

Եվ երբ առաջին մոմը ստացվեց, հասկանալի դարձավ, որ նախաձեռնությունը դուրս է գալիս պարզապես փորձի սահմաններից։ Այդպես էլ սկսվեց նրանց փոքր բիզնեսը, որը այսօր առանձնանում է աշխատանքի նկատմամբ սիրով, համբերությամբ և ստեղծագործ մոտեցմամբ։

Աղջիկներն ապրում են Լոռու մարզի Տաշիր քաղաքում, սակայն իրենց արտադրանքը նպատակ ունեն վաճառել ոչ միայն Տաշիրում, այլեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Առաքումն իրականացնում են Հայ փոստով, որպեսզի յուրաքանչյուր գնորդ կարողանա առանց դժվարության ստանալ իր պատվերը։

Նրանք պատրաստում են մոմեր տարբեր ձևերով՝ տոնածառեր, ձմեռ պապիկներ, կարուսելներ, կենդանի կամ փափուկ կերպարներ հիշեցնող դիզայններ։ Աշխատում են բարձր որակի հիգիենիկ մոմով և ուշադրությամբ վերջացնում յուրաքանչյուր փոքրիկ դետալ։

Նրանց համար սա միայն արտադրություն չէ։ Այս գործընթացը դարձել է իրենց ընկերության շարունակությունը։

Ստեղծագործական փոքրիկ տարածքում նրանք ոչ միայն աշխատում են, այլև կարողանում են հանգստանալ, փոխել ներքին ծանրությունը և ստեղծել մի բան, որը կփոխի նաեւ ուրիշների տրամադրությունն ու կլուսավորի խավարը։

Շուշանն ու Ասպրամը ամեն անգամ մոմ ստեղծելով հիշում են Արցախի շրջափակման ժամանակ սառն ու խավար օրերը լուսավորող մոմերը եւ տեղահանումից հետո ուզում են, որ մոմերը ոչ միայն պարտադրված խավար ցրեն, այլ լուսավորեն եւ կախարդական, ռոմանտիկ մթնոլորտ ապահովեն։

Մարիամ Սարգսյան