
–Ամբողջ կյանքում չարչարվելով ապրել ենք, քարից հաց քամել, ստեղծել, տներ կառուցել ու այսօր կանգնած ենք դառն իրականության առաջ։ Ցավալին այն է, որ արցախցիների միջև տարբերություն է դրվում։ Բոլորը սոցիալապես ծանր վիճակում են և կարիք ունեն աջակցության։ Սակայն, չգիտես ինչու, ՀՀ կառավարության կողմից խտրականություն է դրսևորվում,- ասում է Արցախից տեղահանված Ալինա Գասպարյանը։ Նա երեք անգամ դիմում է ներկայացրել հրատապ աջակցություն ստանալու նպատակով ու ամեն անգամ ստացել բացասական պատասխան։
Այս ընտանիքին ճանաչողները լավ գիտեն, որ մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը նրանք աշխատում էին հողի հետ, բարիք ստեղծում, օգնության ձեռք մեկնում շրջափակման մեջ հայտնված հայրենակիցներին։
Որպեսզի կարողանան գոյատևել, այսօր մի հարկի տակ ապրում են մի քանի ընտանիքներ․ Երևանի 4-րդ գյուղ թաղամասում գտնվող սեփական տներից մեկն են վարձակալել։
Տիկին Ալինան գիշերային հերթափոխից էր վերադարձել։ Հոգնած, հուսահատված էր
-Սեպտեմբեր ամսում ենք տեղափոխվել Երևան։ Ես, տարեց ծնողներս, հորեղբորս թոշակառու կինը՝ թոռան հետ, հաշմանդամ քույրս՝ որդու հետ ապրում ենք միասին։ Ամուսինս ու որդիներս մեկնել են ՌԴ՝ այստեղ աշխատանք չգտնելու պատճառով։ Ես չէի կարող մենակ թողնել տարեց հարազատներիս, հիվանդ քրոջս, ով ամենօրյա խնամքի կարիք ունի։
Վերջերս աշխատանք եմ գտել Նարպլաստ պոլիմերային պլաստիկ շշերի արտադրական ձեռնարկությունում։ Աշխատանքս միայն գիշերային ժամերին է, ինչի համար ևս շնորհակալ եմ, որովհետև ձեռնարկության ղեկավարը տարիքային սահմանափակում չդրեց իմ առջև։ Ուրիշ ոչ մի տեղ չկարողացա աշխատանք գտնել։ Ապրում էինք միայն մեծերի թոշակների ու նրանց տրվող բնակվարձերի աջակցության հաշվին։
Իհարկե, շատ դժվար է, որովհետև մենք սովոր չենք պարապ նստել։ Արցախում միշտ աշխատում էինք՝ կատարելով տարբեր աշխատանքներ։ Առանձնապես ծանր է ծնողներիս համար, ովքեր չեն կարողանում հարմարվել քաղաքի կյանքին։ Մեր վարձակալած տունը, թեև սեփական է, բայց մի կտոր հողամաս անգամ չունի, որ ծնողներս զբաղմունք գտնեն, գոնե մի քիչ կանաչի ցանեն։ Մեր օրը մթնում ու լուսանում է Արցախի մասին հիշողություններով ու հետվերադարձի երազանքով։ Արցախում մեր ապրած կյանքը պարզապես դրախտ էր, որտեղ մենք էինք տերն ամեն ինչի։ Օրեցօր ավելի ու ավելի եմ համոզվում, որ ոչինչ չի կարող փոխարինել իմ երկրին, իմ տանը։ Միևնույն է՝ ոչ մի երկիր չի փոխարինելու իմ դրախտավայրին։
Բռնի տեղահանությունից հետո Գասպարյանների ընտանիքը Արագածոտնի մարզի Թալին համայնքի Սասնաշեն գյուղում էր հաստատվել։ Այդտեղ նրանց կեցության պայմանները վատ չէին, նաև սոցիալական աջակցություններ էին ստանում։ Սակայն աշխատանք չլինելու պատճառով մեկնեցին այդ բնակավայրից։
–Ես աշխատանքի էին անցել Թալինի հիվանդանոցում։ Այդ ժամանակ ընթանում էր Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը։ Ամուսինս ու տղաներս բանվորական աշխատանք էին անում այնտեղ։ Գյուղից գնացող մեքենաներով գնում էինք աշխատանքի, ապա վերադառնում տուն։ Սակայն, երբ շինարարությունը հասավ մինչև Ուջան գյուղը, հեռավորության պատճառով մեր գյուղից այլևս հեշտ չէր գնալ-գալը։ Տղամարդիկ մնացին առանց աշխատանքի, և մենք ստիպված էինք տեղափոխվել այլ բնակավայր՝ մտածելով, որ կկարողանանք աշխատանք գտնել։
Հաստատվեցինք Աշտարակ համայնքի Օշական գյուղում։ Մի հանգստյան գոտում աշխատանք ես գտա, որտեղ ինձ խոստացել էին, որ այն երկարաժամկետ է լինելու, սակայն 3 ամսից հետո ասացին, որ այլևս չեմ կարող այդտեղ աշխատել, քանի որ ի վիճակի չեն վարձատրել։ Երկար ժամանակ չէի կարողանում աշխատանք գտնել՝ տարիքային սահմանափակումների պատճառով։ Այդ ընթացքում ոչ մի աջակցություն չէինք ստանում՝ ոչ սննդի, ոչ էլ կենցաղային ապրանքների։ Բնակվարձերի աջակցության ծրագրում կատարված փոփոխություններից հետո մեր ընատնիքը զրկվեց աջակցությունից, ու մենք մի կերպ էինք տան վարձ, կոմունալ ծախսեր վճարում, քանի որ բոլորս էլ առանց հիմնական աշխատանքի էինք։ Ամուսինս ու որդիներս ստիպված մեկնեցին արտագնա աշխատանքի՝ ՌԴ, իսկ մենք տեղափոխվեցինք Երևան, որտեղ ես գտա այս աշխատանքը։ Փառք Աստծո, տնօրենությունն ու անձնակազմը կամեցող, ընդառաջող մարդիկ են։ Շնորհակալ եմ նրանցից, որ չմերժեցին ինձ աշխատանքի ընդունվել։
Ալինա Գասպարյանն ապրում է կիսված ընտանիքով, ինչպես և արցախցի բազմաթիվ ընտանիքներ։ Թե ինչքան կկարողանա դիմանալ հեռավարորության կարոտին, նա չգիտի․ գուցե շուտով միանա՞ ամուսնուն, զավակներին ու թոռանը։
-Այսպես երկար շարունակվել չի կարող։ Հավանաբար ծնողներիս հետ մեկնեմ Ռուսաստան, որտեղ ամուսինս ու տղաներս արդեն կայուն աշխատանք ունեն։ Իհարկե, համոզված եմ՝ իմ ուշքը միշտ հետևում է լինելու։ Այստեղ եմ թողնելու իմ հարազատներին, ովքեր իմ կարիքն ունեն։ Չեմ կարող ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան, սակայն ես շատ եմ ուզում, որ բոլորս միասին լինենք՝ իրար կողքի, իրար հարեհաս։
Ամենադաժանը կարոտի ցավն է, որը երբեմն շնչահեղձ է անում։ Արցախի կորստի հետ մենք բոլորս կորցրել ենք իրար։ Ահավոր է, երբ շուրջդ ոչ մի ծանոթ մարդ չես տեսնում, երբ չես կարողանում ամենուր քո քաղցր բարբառով խոսել։ Ճիշտ է, Հայաստանը ևս մեր հայրենիքն է, բայց կան բաներ, որոնց հետ համակերպվել չես կարող։ Դա անտուն, առանց քո հարազատ ծննդավայրի մնալն է։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Ալինան, ամուսինը, երկու որդիները Արցախում էին՝ յուրաքանչյուրն իր պարտքն էր կատարում։ Նրանց հետ միասին հարազատ Ասկերանում էին մնացել նաև թոշակառու ծնողները, որոնք մեկ վայրկյան անգամ չէին ցանկանում լքել Արցախը․ նրանց երեք դստրերի որդիները առաջնագծում էին։ Ինչպես Պոլինա մայրիկն է ասում՝ երբեք չէի կարող պատկերացնել, որ օրերից մի օր կկորցնենք ամեն ինչ ու կհայտնվենք դռնեդուռ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ