
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը 18-ամսյա ծառայության ժամկետով փոխարինելու նախագծին՝ այն համարելով անհետաձգելի։ Նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ ասաց, որ նախատեսվում է այն տարածել 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Այս ձմեռային զորակոչը մեկնարկում է հունվարի 7-ից, հետեւաբար, ըստ Պապիկյանի, նախագիծը կտարածվի նաեւ ձմեռային զորակոչի վրա։
Ընդդիմադիր պատգամավորները սա նախընտրական քայլ են որակում՝ հարցադրում անելով, թե ինչո՞ւ են որոշել ոչ թե ամառային, այլ հենց ձմեռային զորակոչից սկսած կիրառել այն։
Ի պատասխան՝ նախարարը նշեց․ «Եթե կար հնարավորություն, եւ հաշվարկները մեզ թույլ էին տալիս դա անել ավելի վաղ, լսելով մեր հասարակության մտահոգությունները եւ խնդրանքները, մեզ համար էլ ակնհայտ է դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, եթե մենք դա անենք հունվարի մեկից»։
Պապիկյանն ասաց, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման շարունակական աշխատանք է կատարվել։
«Իրականում սա եւս մեկ քայլ է դեպի պրոֆեսիոնալ բանակ, որովհետեւ հիմա հնարավորինս շատ ուշադրություն պետք է դարձնենք բանակի համալրմանը պայմանագրային զինծառայողներով»,- ասաց Պապիկյանը։