
«Ինչ-որ լավ բան կարող է տեղի ունենալ» Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ քննարկումներում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
«Իսկապե՞ս հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում կարող է մեծ առաջընթաց գրանցվել։ Մի՛ հավատացեք, մինչև չտեսնեք, բայց ինչ-որ լավ բան կարող է տեղի ունենալ», – գրել է նա։
Ուկրաինան գտնվում է կրիտիկական պահին և շատ սերտորեն համագործակցում է Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների և «շատ-շատ ուրիշների» հետ՝ զինված հակամարտությանը վերջ տալու ուղիներ գտնելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեդիայում կայացած միջխորհրդարանական համաժողովում։
«Մենք կշարունակենք աշխատել մեր գործընկերների, մասնավորապես Միացյալ Նահանգների հետ՝ փոխզիջում գտնելու համար, որը կամրապնդի մեզ, այլ ոչ թե կթուլացնի», – հավելել է նա՝ Ռուսաստանի պահանջները որպես հիմնական խնդիր նշելով։
Թրամփի և Զելենսկու միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն այս կամ հաջորդ շաբաթ, և փորձագետները կարծում են, որ «խաղաղության համաձայնագիր» կստորագրվի։