
2019 թվականին լուսանկարիչ Արեգ Բալայանի և արվեստագետ Էդիկ Պողոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծը, որի նպատակն էր համաշխարհային հանրությանը առաջարկել այլընտրանքային տեսանկյունով քննել հակամարտությունն՝ ի ցույց դնելով ոչ թե քաղաքական, տնտեսական կամ սոցիալական հետևանքները, այլ շփման գծին մերձ տարածքում առկա հետքերը:
Նախագծի հեղինակները փնտրել և ընտրել են հակամարտության հետ կապված նյութական վկայություններ և վերափոխել դրանք արվեստի գործերի, որոնք հետագայում դարձան հիմք «Հետևանքը՝ արտեֆակտ» խորագրով ցուցահանդեսների կազմակերպման և համանուն վավերագրական ֆիլմի ստեղծման համար: Ֆիլմը և ցուցահանդեսն հետագայում ներկայացվել են հանրությանը Ստեփանակերտում, Երևանում և Թիֆլիսում:
Step1.am հետ զրույցում «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծի համահեղինակ Արեգ Բալայանը պատմեց նախագծի մանրամասների և վերջին շրջանի իր գործունեության մասին:
“Վերջին ժամանակաշրջանում իրականացրած ամենաարժեքավոր պրոեկտներից մեկը «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագիծն էր: Դա մուլտիդիստիպլինար նախագիծ էր՝ բաղկացած 4 բաղադրիչ մասերից. լուսանկար, արտ-օբյեկտներ, ֆիլմ, ինչպես նաև “Ready-made” (գեղարվեստական տեխնիկա, որի դեպքում զանգվածային արտադրության առարկան դառնում է արվեստի առարկա)։ Նախագծի շրջանակներում առաջին ցուցահանդեսը տեղի ունեցավ 2019 թ. դեկտեմբերին, իսկ հետագայում այն ցուցադրվեց Երևանում և Թիֆլիսում:
Պլանավորում էինք նաև ցուցադրել այլ երկրներում, սակսյն, ցավոք, քովիդի պատճառով մեր պլանները չիրագործվեցին:
Խորհրդանշական է, որ նախագիծն իր մեջ պարունակում էր հարցադրում այն մասին, թե պատրա՞ստ ենք մենք արդյոք նոր պատերազմական հետևանքների ու ի՞նչ պետք է անել պատրաստ լինելու համար:
44-օրյա պատերազմի ժամանակ ես գտնվում էի Ղարաբաղում: Իմաստային առումով մեր պարագայում 2020-23 թվականներից հետո նախագիծը կորցրել է իր իմաստը, բայց չնայած դրան նրա արդիականությունը կպահպանվի բոլոր ժամանակներում, քանի որ այն մարդ և պատերազմ հարաբերության մասին է, այլ ոչ թե կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության: Նախագծում չկա ժամանակագրություն և նշված չէն մասնակիցների և տեղանքների անունները:
«Հետևանքը՝ արտեֆակտ»-ն հետագայում արժանացավ լայն հանրության արձագանքի, Ֆիլմն ցուցադրվեց անգամ գերմանական հանրահայտ Deutsche Welle հեռուստաալիքով:
44-օրյա պատերազմից առաջ ես իրականացրեցի ևս մեկ նախագիծ, որը նվիրված էր Հայաստանի անկախության օրվան: Ես շրջեցի զորամասերով և նկարեցի տոնական վիդեոբացիկներ:
2022 թվականի հոկտեբերին վերջին անգամ ընտանիքիս հետ այցելեցի Արցախ և ուրախ եմ, որ իմ աղջիկը, Լէան հասցրել է լինել Ղարաբաղում, թեկուզ այդ ժամանակ նորածին էր:
Այնուհետև սկսվեց շրջափակումը, որին հաջորդեց մեկօրյա պատերազմը և գաղթը: Այդ շրջանում ես չէի նկարում: Մի շարք հայտնի, միջազգային կազմակերպություններից առաջարկներ էի ստացել գաղթը նկարելու վերաբերյալ, բայց ես չէի կարողանում հաղթահարել իմ էմոցիաները և ներքուստ անգամ մեղադրում էի նրանց, ով նկարում էր Ղարաբաղի ողջ բնակչության գաղթը, թեկուց հասկանալով, որ այդ մեղադրանքները ոչ օբյեկտիվ էին:
Գաղթին հաջորդող ժամանակահատվածում սկսեցի համեմատաբար պասիվ աշխատել: Համագործակցում էի տարբեր կազմակերպությունների հետ, աշխատել եմ մասնավորապես Կարմիր Խաչ, ՄԱԿ, Amnesty International և այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ:
Ընթացիկ գործերից կուզենայի առանձնացնել Հայաստանի անձնագիրը նկարելու նախագիծը: Այն չափազանց կարևոր է ինձ համար: Ներկա դրությամբ աշխատում եմ նախագծի շուրջ և շատ եմ ուզում բարեհաջող ավարտին հասցնել, իսկ ինչ վերաբերվում է վերադարձին, ես միանշանակ սպասում եմ այդ օրվան և հույս ունեմ, որ մի օր ինչ-որ ձև ես կայցելեմ Ղարաբաղ:
Այն սերունդն, որն ապրել է Ղարաբաղում, սիրել է Ղարաբաղում, երեխա է ունեցել, տուն է կառուցել, ծառ տնկել, երբեք չի մոռանա Ղարաբաղը և միշտ վերադարձի կարիք կունենա։ Այլ հարց է, թե ինչ կարգավիճակով:
Ամեն դեպքում այժմ Արցախի հետ կապի միջոցներից մեկը լուսանկսրներն են, և կարծում էմ, որ ցանկացած մարդ լուսանկարներ նայելուց ակամա ցանկություն է ունենում վերադառնալ այնտեղ:
Ղարաբաղցուն իրապես կարելի է ճանաչել միայն այն ժամանակ, երբ նա կգտնվի իր հայրենիքում”։
Արսեն Աղաջանյան
Լուսանկարները՝ Արեգ Բալայանի