Արցախի խնդիրը միայն իրավական ճանապարհով հնարավոր չէ լուծել, սրա կողքին կա նաեւ ուժային բաղադրիչը

  • 20:13 25.11.2025

Step1.am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։

Տիկին Չոբոյան, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե իրատեսական չեն համարում արցախցիների վերադարձը եւ ընդհանրապես փորձում են փակել Արցախի հարցը։ Եթե անգամ ՀՀ իշխանություններն այսպիսի քաղաքականություն են վարում, արցախցիների իրավունքները նվազում կամ վերանո՞ւմ են։

-Անշուշտ, ոչ, իրավունքը մնում է իրավունք։ Բայց ես շատ կարեւորություն չեմ տալիս իշխանության այս խոսույթին, որովհետեւ վախի եւ զիջողական դիրքորոշման հետեւանք է այս կեցվածքը։ Ես կարծում եմ, որ կարեւոր է, որպեսզի Հայաստանի իշխանությունները չփակեն Արցախի հարցի ճանապարհները։ Եվ շատ կարեւոր է, որ Հայաստանը հետ չքաշի հայցերը միջազգային դատարաններից։ Բայց դա չի նշանակում, որ հարցը վերջացած է, այսինքն՝ Հայաստանի իշխանությունների որոշմամբ չէ, որ այս հարցը պետք է փակվի, թեեւ շատ լուրջ է հայցերը հետ քաշելու որոշումը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հասարակությունները չպետք է ընդունեն այս երեւույթը եւ Հայաստանի այս ընթացքը։ Իսկապես, ես կարեւորություն չէի տա այս ամենին, եթե Հայաստանի իշխանություններն այսքան որոշիչ քայլեր չանեին, ինչպես օրինակ, միջազգային հայցերը հետ քաշելն է։ Բայց, կրկնում եմ, հայ հասարակությունը չպետք է ընդունի այս դիրքորոշումը։

-Այս կայացվող որոշումները կարո՞ղ են անդառնալի հետեւանքներ ունենալ Հայաստանի եւ Արցախի համար։

-Ես կարծում եմ՝ ոչ։ Այսինքն՝ անդառնալի ոչինչ չկա, գոյություն չունեն միջազգային այնպիսի օրենքներ, որոնցից Հայաստանը կարող է հրաժարվել։ Արցախի իրավունքը կմնա Արցախի իրավունք, վերադարձի իրավունքը կմնա վերադարձի իրավունք։ Ես մասնագետ չեմ, բայց միջազգային իրավաբանության մասին գաղափար ունեմ եւ կարծում եմ, որ ամեն պարագայում Հայաստանի հաջորդ իշխանությունները կկարողանան այս հարցերը եւ իրավական, եւ քաղաքական օրակարգ բերել։ Այսօրվա իշխանությունների որոշումներն իսկապես կապված են Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններն ամեն գնով բարելավելու եւ որոշ չափով միակողմանի զիջումների գնալու հետ։

-Արցախի ժողովուրդը 2023 թվայանի բռնի տեղականությունից հետո ավելի քան երկու տարի է՝ խոսում է այն մասին, որ անվտանգության միջազգային երաշխիքների առկայության պայմաններում պատրաստ են վերադառնալ իրենց հայրենիք։ Բայց միջազգային հանրությունը կո՞ւյր է ձեւանում, չեն տեսնո՞ւմ արցախցիների իրավունքների ոտնահարումը, թե՞ այդուհանդերձ գործընթացներ կան։

-Ես կարծում եմ, որ այսօրվա միջազգային քաղաքական հարաբերություններում իրավիճակը շատ բարդ է եւ խախուտ։ Եվ այն իրավական համակարգը, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամրագրված է, այսօր խախտված է։ Դժբախտաբար այսօր իրավունքը նախապատվություն չունի հարաբերությունների մեջ, այսօր ուժային հարաբերություններն են գերակշռում։ Հետեւաբար, այսօրվա իրավիճում, կարծում եմ, որ իրավական ուժը չէ, որ պետք է որոշի։ Տեսնում ենք, որ ՄԱԿ-ը բոլորովին անզոր է դարձել, այսօր մեծ պետություններն իրենք իրենց մեջ են խնդիրները լուծում։ Եվ բազմակողմանի դիվանագիտությունն այսօր անդամալուծված է։ Հետեւաբար, իմ կարծիքով միակ կարեւոր ուղղությունը Հայաստանի հզորացման ուղղությունն է։ Հայաստանի թե տնտեսությունը, թե անվտանգային համակարգը պետք է վերանորոգել ու ամրապնդել։ Արցախի խնդիրը միայն իրավական ճանապարհով հնարավոր չէ լուծել, սրա կողքին կա նաեւ ուժային բաղադրիչը։ Եվ այդ ուժային բաղադրիչը պետք է մեծ փոփոխությունների ու բարելավումների ենթարկվի։

Այսինքն՝ հույսն ու գաղափարը չպետք է մեռցնել, վերադարձի գաղափարը պետք է միշտ վառ մնա։ Բայց այդ ուղղությամբ աշխատելու հսկայական դաշտ կա, նաեւ հասարակության կողմից, բայց միայն խոսքով չէ, նաեւ գործով պետք է լինի։ Օրինակ՝ երբ Ադրբեջանը խոսում է Հայաստանի տարածքների վրա իբրեւ թե ադրբեջանցիների վերադարձ ապահովելու խնդրի մասին, այս հարցում Հայաստանը շատ հետ է մնացել։ Ճիշտ նույն բանը պետք է կատարվի Հայաստանում՝ դեպի Արցախ վերադառնալու հարցով։ Տարբեր կազմակերպություններ պետք է ստեղծվեն, որոնք պետք է աշխատեն թե միջազգային կառույցներում, թե ժողովրդի հետ, որպեսզի ժողովուրդը չցրվի եւ իր վերադարձի հույսը չկտրի։ Շատ կոնկրետ քայլեր պետք է արվեն Հայաստանում, Սփյուռքը պետք է մասնակցություն ունենա, բայց նախաձեռնությունները Հայաստանում պետք է լինեն։

Հայաստանի իշխանություններն այդ աշխատանքն անելու փոխարեն այսպիսի պարզունակ թեզ են առաջ քաշում, ասում են՝ մենք չպահանջենք արցախցիների վերադարձ, որպեսզի նրանք էլ չպահանջեն ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։

-Բայց հարցն այն է, որ նրանք տակավին կպահանջեն, եւ Հայաստանը չի պահանջի։ Սա անհավասար իրավիճակ է։ Եթե Հայաստանից տարիներ առաջ մեկնած ազերիների իրավունքը կա, ավելի մեծ թվով հայեր այսօր ավելի մեծ իրավունքներ ունեն։ Եվ այդ աշխատանքը պետք է հասարակական մակարդակի վրա կազմակերպվի։

Ռոզա Հովհաննիսյան