5 տարի առաջ էս օրը Քարվաճառը հանձնեցին առանց մի կրակոցի

  • 21:18 25.11.2025

Քարվաճառ, 2020-ի նոյոմբերի 25, վերջին արցախցիները վերադարձնում են տուն՝ հրաժեշտ տալով Դադիվանքին

5 տարի առաջ այս օրը Քարվաճառը հանձնեցին առանց մի կրակոցի: Նույն ձևով հանձնվեցին Ակնան և Քաշաթաղը, և արդեն այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանի սահմաններն այլևս գծված են ոչ թե իրավունքով կամ պատերազմով, այլ հայցավոր համաձայնությամբ։

Եթե կիառվեր իրավունքը, Արցախը պետք է պահպանվեր առնվազը ԼՂԻՄ+Շահումյանի շրջան սահմաններով։ Եթե կիրառվեր ուժը, Բաքուն, ինչպես Ալիևն է խոստովանել, չէր կարող գրավել Քարվաճառը։

Տեղի է ունեցել ռուս-թուրքական հանցավոր համաձայնություն, որի հանցակից է դարձել Հայաստանի կառավարությունը։ 2020-ից հետո 2 տարի պետք է անցներ, որ գտնվեր այդ հանցավոր համաձայնության “իրավական” շրջանակը՝ Ալմա-Աթայի հռչակագիրը։ Որպեսզի ինչ-որ ձևով բացատրի պատերզմով և հատկապես առանց կրակոցի արած զիջումները, Փաշինյանը փոշոտ դարակից հանել է մի իրավական ուժ չունեցող հռչակագիր և հայտարարել, թե սահմանները տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված են ըստ “խորհրդային” ադմինիստրատիվ գծերի։

Այդ արդարացումը սիրով ընդունել են եվրոպացիները․ Մակրոնն ու Շարլ Միշելն իրենց վրա վերցրեցին “Արցախն Ադրբեջանի մաս” ճանաչելու դառը պատասխանատվությունը, հույս ունենալով, որ Եվրոպան կստանձի տարածաշրջանի “նայողի” դերը։ Սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը նախաստորագրեցին “խաղաղության համաձայնագիր”, որը կանգնեցրեց և “իրավական”, և “ուժային” հնարավոր լուծումները։ Իսկ ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորման սկզբունքները վերջնականապես ջախջախեցին “Ալմա-Աթայի հռչակագիրը”, առանց որևէ քողի թողնելով մերկ մնացած Ղարաբաղյան հանցավոր համաձայնությունը։

Դեռ պետք է պատասխան տրվի, թե ինչու հանձնվեց Քարվաճառը։