
Ecolur.org-ը գրում է․ Երևանում օդի աղտոտվածությունն աննախադեպ է՝ հասնելով Առողջապահության համաշխարարհայան կազմակերպության չափանիշներից 20-30 անգամ բարձր մակարդակի: Օդի աղտոտվածության մակարդակը կարելի է գտնել https://www.iqair.com/armenia/yerevan կայքում: Քաղաքում PM2.5, որը չափում է մասնիկային նյութի կոնցենտրացիան մկգ/մ³-ով, նոյեմբերի 26-ի դրությամբ կազմել է 118 մկգ/մ³: Քաղաքի որոշակի հատվածներում, այդ թվում՝ Առինջում, Բագրևանում և Պարույր Սևակ փողոցում, այս մակարդակը վերջին երեք շաբաթների ընթացքում բարձրացել է 440 մկգ/մ³-ից ավելի:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ միջավայրի» ՀԿ-ն ահազանգել է և տվյալներն ուղարկել պատասխանատու պետական կառուցներին։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը բացատրել է, որ իրավիճակը պայմանավորված է սառը և տաք օդային զանգվածների միջև տուրբուլենտության բացակայությամբ:
Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ օդի աղտոտվածության մակարդակը ռիսկի գործոն է քաղաքացիների առողջության տեսանկյունից։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը։
«Իհարկե, ռիսկի գործոնը կա, դա ոչ ոք չի հերքում, սակայն այստեղ կարևոր է հասկանալ, թե օդը որ ցուցանիշներով է աղտոտված, ինչ ժամանակահատվածում։ Բայց չի կարելի ասել, որ հենց այս մի գործոնով պայմանավորված հիվանդության աճ կամ զարգացում կա»,-ասաց Ռուբեն Գրիգորյանը։
Մասնագետը նշեց, որ այս շրջանում կարևոր է հնարավորինս փակ պահել պատուհանները, հատկապես, հրդեհային տարածքներին մոտ գտնվող բնակավայրերում։ Դրանից բացի, չի խրախուսվում ֆիզիկական ակտիվությունը։