
Հադիսատեսների բոլոր նամակներին ու հարցումներին ի պատասխան՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը մեծ ուրախությամբ տեղեկացնում է, որ բոլորի կողմից սիրված «ԱՐՑԱԽՅԱՆ ՍԻՐՈ ՀԵՔԻԱԹ» կամ «ԱՐԱ, ՊԱ ՍՏԻ ՊԵՆ ԿԻՆԻ՞» ներկայացումը կրկին կվերադառնա բեմ:
«ԱՐՑԱԽՅԱՆ ՍԻՐՈ ՀԵՔԻԱԹ» կամ «ԱՐԱ, ՊԱ ՍՏԻ ՊԵՆ ԿԻՆԻ՞» ներկայացումը կրկին վերադառնում է բեմ։
📅 Հունվարի 20 և փետրվարի 6
🕢 Ժամը 19:30
📍 Տիկնիկային թատրոն, Սայաթ-Նովա 4
🎫 Տոմսերը արդեն հասանելի են։
https://www.tomsarkgh.am/hy/event/50043/
Շտապեք ամրագրել ձեր տեղերը, քանի որ պահանջարկը մեծ է, իսկ տեղերը՝ սահմանափակ։ »
Հիշեցնենք որ նոյեմբերի 12, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում կայացավ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի վերածննդի առաջին ներկայացումը։ Թատրոնը հանդես եկավ Ալեքսանդր Մանասյանի «Արցախյան սիրո հեքիաթ կամ «Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությամբ, որը բեմադրվել էր արցախյան բարբառով։
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) և «Դիալոգ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ։
Ներկայացման գործողությունները տեղի են ունենում Արցախի փոքր գյուղոմ, որտեղ մարդիկ անկեղծ ու պարզ են, սերն էլ այնքան անկեղծ է, որ նույնիսկ առանց բառերի են երիտասարդներն իրար հասկանում։ Ամբողջ ներկայացումը համեմված էր Ալեքսանդր Մանասյանի գեղեցիկ սիրո բանաստեղծություններով, թերևս հենց այդ բանաստեղծություններով էլ երիտասարդներն իրար սեր էին խոստովանում։
«Ինձ համար շատ կարևոր ու մեծագույն ոգևորություն է, որ իր գործունեությունը Երևանում վերսկսել է Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնը։ «Արցախյան սիրո հեքիաթ կամ «Արա, պա ստի պեն կինի՞» ստեղծագործությամբ ներկայացումը մեր փոքրիկ նվերն է հատկապես արցախյան բարբառը կրող, ճանաչող կամ պարզապես սիրող հանդիսատեսին», վերջերս Step1.am հետ զրույցում ասել է դերասանուհի Շողեր Սարգսյանը։
Արսեն Աղաջանյան