
Անցյալ շաբաթ Բաքվի բանտում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքի ներկայացուցիչները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով աջակցել նրան ազատ արձակելուն։
Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքջյանը առևանգվել է Շուշի քաղաքի մոտակայքում՝ Մարալ Նաջարյանի հետ միասին, և գերության մեջ է 2020 թվականի նոյեմբերի 10-ից։ 2021 թվականին ադրբեջանական դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության և վարձկանության մեղադրանքով։
Փաստաբան Լուսիանա Մինասյանը նշել է, որ Վիգենը նոյեմբերի 16-ին զանգահարել է կնոջը։ Պարզվել է, որ Վիգենը չի կարողանում քայլել և կարիք ունի անվասայլակի, որը նրան չեն տրամադրում։ Նա զրկված է բավարար սննդից և բժշկական օգնությունից։
Լիբանանի խորհրդարանի անդամ Պաուլա Յակուբյանը պետական մարմիններում աշխատում է այս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Պաուլա Յակուբյանը նշել է, որ Լիբանանի իշխանությունները կապի մեջ են Ադրբեջանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ՝ Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի ազատ արձակման հարցը լուծելու համար։
Վիգենի կինը և երկու երեխաները շարունակում են ապրել Լիբանանում։