Փաշինյանը չի հավատում, որ մարդիկ 150 հազ․ դրամ են ստանում և սովից չեն մեռնում

  • 14:11 27.11.2025

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը փորձեց բացատրել, թե ինչու Հայաստանում շատերի աշխատավարձը չի գերազանցում 150 հազ․ դրամը։ Նա չի հավատում, որ “գրանցված” աշխատավարձերը իրական են, ասելով, որ “150 000 դրամի սեգմենտում աշխատող բազմաթիվ աշխատողներ նաև աշխատավարձի ստվերային հատված ունեն”։

Փաշինյանը չի հավատում, որ Հայաստանում կարելի է 150 հազ․ դրամի համար մի ամբողջ ամիս աշխատել և սովից չմեռնել։ Էլ չենք ասում, որ 150 հազարը՝ “կեղտոտ” գումարն է, իրականում մարդիկ ոչ թե “ստվերային հավելավճար” են ստանում, այլ 60, 70, 120 հազարի համար էլ են չարչարվում։

Հարցրեք բուժաշխատողներին, ուսուցիչներին, թե ինչքան գումար են ստանում, էլ չասած սպասարկման ոլորտի՝ 12 ժամ կանգնած սշխատող վաճառողների և այլ։

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բնակչության 75%-ը ամսական միջին աշխատավարձից ցածր է ստանում։ 100 հազար դրամ ստանում է 176 հազար մարդ։ 100 հազարից մինչև 200 հազար դրամ ստանում է 277 հազար մարդ։ 200 հազարից մինչև 300 հազար դրամ՝ 119,647 մարդ։ Պաշտոնապես Հայաստանում աշխատում է 842 հազ․ մարդ, և միայն 270 հսզ․ մարդ է 300 հազ․ դրամից ավել աշխատավաևձ ստանում։ 

Էլ չենք խոսում թոշակների մասին, որոնցից Փաշինյանն ավելի կզարմանար։ Չենք խոսում նաև արցախցիների վիճակի մասին, որոնց 150 հազարից ավելի աշխատավարձով չեն էլ ընդունում աշխատանքի։

Մինիմալ աշխատավարձերն ու թոշակները այդպես էլ չբարձրացրած կառավարության ղեկավարի զարմանքը հասկանալի է․ 8 տարի է նա գործ ունի մեծ փողերի հետ, երկիրը բերելով ահավոր բեվեռացման, երբ տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներով մարդկանց 75% հազիվ ծերը ծերին է հասցնում, իսկմնացածը Դուբայներից տուն չեն գալիս։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փոձեց օրինակով հիմնավորել Փաշինյանի խոսքը. «Օրինակ հանրային սննդի կազմակերպման ոլորտում միջին աշխատավարձը 157 400 դրամ է։ Ակնհայտ է, որ այս ոլորտում, օրինակ, մատուցողները կամ ռեստորանային ոլորտի աշխատակիցները շատ ավելի բարձր են ստանում։ Մեր քաղաքականությունը պետք է ստիպի, որ այս թվերը հնարավորինս մոտենան իրականությանը»։

Այսինքն, ոչ թե բարձրացնել մարդկանց իրական եկամուտները, այլ թվերը բարձր գրեն։