Փաշինյանը խուսափեց պատասխանել հարցին, թե ինչի համար են դատում արցախցի զինվորականներին

  • 15:52 27.11.2025

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խուսափեց պատասխանել հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ-ում քրեական գործեր հարուցված արցախցի զինվորականների նկատմամբ, եթե ինքն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ 44-օրյա պատերազի տարբեր դրվագներով դատարանի առաջ են կանգնել եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, եւ այլ զինվորականներ։ «Ի՞նչ գործ ունեք դուք Արցախի հետ, եթե Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում»․ հարցին Փաշինյանը խուսափեց ուղիղ պատասխանել։ «Դատավարություններ են ընթանում, թող իրավաբաններն այդ հարցին պատասխանեն, ես հարկ չեմ համարում այդ հարցերին պատասխանել, քանի որ դատավարություններն ընթանում են»,- ասաց նա։

Հարցին՝ գործեր են հարուցված միայն զինվորականների նկատմամբ, իսկ արդյոք իրավապաների կողմից չպե՞տք է քննություն իրականացվի իր վերաբերյալ, քանի որ 2020 թվականի պատերազմից հետո տվել է ՀՀ տարածքում զորքերի հետքաշման հրաման, ինչի հետեւանքով թշնամին օկուպացրել է ՀՀ ռազմավարական բարձունքներն ու տարածքները, նա պատասխանեց․ «Այդ քննությունը տեղի է ունեցել, ես այդ գործով հարցաքննվել եմ, նաեւ քննվել եմ Քննիչ հանձնաժողովում։ Ասեմ ավելին, 2021 թվականի ընտրություններին քննվել եմ նաեւ ժողովրդի կողմից։ Այսինքն՝ պատերազմի հետ կապված մի բան կա՞, որը որեւէ մեկը չգիտի։ Երբ ասում եք՝ քրեական գործեր, ձեր կարծիքով էդ քրեական գործերի մեջ ավելին կա, քան հանրությունը գիտի՞, դա թյուր կարծիք է»։

Դիտարկմանը, թե այսինքն հանրության համար ամբողջովին պա՞րզ է, թե ինչ հետեւանքներ են ունեցել իր հրամանները ՀՀ համար, նա պատասխանեց․ «Ես երբեք որեւէ հրաման չեմ տվել Հայաստանի Հանրապետության որեւէ ինքնիշխան տարածքից ՀՀ որեւէ զորքի հետքաշման մասին»։