
Արցախի թեմի առաջնորդարանի դուռն այսօր փակ է, իսկ մի խումբ մարդիկ հավաքվել են այնտեղ՝ պահանջելու թեմի առաջնորդից ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։
«Արցախի թեմի առաջնորդը բարոյական իրավունք չունի հանդիպելու այն մարդուն, ով պատասխանատու է Արցախի հանձման գործում։ Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կոմպրոմատներ կան, թե ինչպիսիք, ես չգիտեմ։ Գուցե շանտաժ են արել, պարզաբանում պետք է ներկայացնի, թե ինչ է եղել»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով, արցախցիները չեն կարող ունենալ այսպիսի հոգեւոր առաջնորդ, որը կիսում է այս իշխանությունների տեսակետն Արցախի վերաբերյալ։
Թեկուզ ակցիային այդքան էլ շատ մարդ չի հավաքվել, բայց արցախցիների զայրույթը, որը արտահայտվել է նաև սոցցանցերում, ակնհայտ է։ Մարդիկ հիշում են, որ Վրթանեսը արցախցիների հետ չէր ծանր օրերին, նաև չեն կարողանում մտաբերել, թե ինչ գործունեություն է նա ծավալել Արցախում մնացած եկեղեցիների պաշտպանության ուղղությամբ։
Արցախում մնացել է 5658 հուշարձան, որից 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 2835 խաչքար, 400 գերեզմանոց, որոնք մինչեւ 19-րդ դարն էին ձեւավորվել։
Հիշատակվում է նաև, որ Կաթողիկսի հետ Փաշինյանի խնդիրները ամենյան հավանականությամբ կապված էին Արցախում մնացած եկեղեցիների ճակատագրի հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու հետ։
Սա իսկապես եզակի իրավիճակ է. էթնիկ և կրոնական առումով գրեթե միատարր տարածաշրջանը օկուպացված է, բնիկ բնակչությունը տեղահանված, իսկ ազգային և կրոնական սեփականության նկատմամբ վերահսկողությունը փոխանցվել է թշնամական պետությանը: Գարեգին Բ կաթողիկոսը միջազգային ֆորումում բարձրացրեց Հայ Առաքելական Եկեղեցու՝ Արցախում գտնվող եկեղեցիների նկատմամբ սեփականության հարցը: Նա պահանջեց ապահովել դրանց մուտքը և միջազգային առաքելություն՝ դրանք պաշտպանելու համար:
Սա վրդովմունք առաջացրեց թե՛ Բաքվում, թե՛ Հայաստանի կառավարությունում: Փաշինյանի կինը վիրավորանք հնչեցրեց կաթողիկոսի հասցեին: Սակայն հարցը մնում է անպատասխան. եթե միջազգային հանրությունը ճանաչում է Հայ Եկեղեցու իրավունքները Արցախում լքված սեփականության նկատմամբ, ապա ինչպե՞ս կարող են դրանք «փոխանցվել» Բաքվին Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: Ընդ որում, Փաշինյանը կապ չունի ոչ Արցախի հետ, ոչ եկեղեցու։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը չի կիսում վերջին օրերին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կեցվածքն ու դիրքորոշումը, որն առաջացրել է մեր ժողովրդի արդարացի ցասումն ու զայրույթը. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԵ Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Թեմական խորհրդի ատենապետը հայտնեց նաև, որ նոյեմբերի 28-ին թեմական խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդին և հորդորել հայտարարությամբ հանդես գալ և ներողություն խնդրել իր բռնագաղթյալ ժողովրդից։ Այդուհանդերձ, չնայած թեմի առաջնորդի հավաստիացումներին, հայտարարության մեջ ներողության խոսք չի չհնչել։ Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի` փաստացի Արցախի թեմի առաջնորդը չցանկացավ ներողամտություն հայցել իր ժողովրդից։ Դեռ ավելին, իր հայտարարություններով ավելի խորացրեց վրդովմունքն ու ափսոսանքը։