Թրամփի Ուկրաինայի հարցով պլանը առաջ է շարժվում․ Զալուժնին զգուշացնում է

  • 09:27 01.12.2025

Ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագիրը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցությունները անվանել է արդյունավետ, բայց հավելել է, որ դեռ աշխատանք կա անելու, մինչդեռ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը դրանք բնութագրել է որպես «արդյունավետ և հաջողված»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը կմեկնի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության ծրագիրը քննարկելու համար: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Վիտկոֆը, Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ միասին, երկուշաբթի օրը կմեկնի Մոսկվա, իսկ Պուտինի հետ հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը:

«Բանակցությունները լավ են ընթանում: Մենք ուզում ենք դադարեցնել մարդկանց սպանությունը… Կարծում եմ՝ կա մեծ հնարավորություն, որ մենք կարողանանք համաձայնության գալ», – լրագրողներին ասել է Թրամփը Air Force One ինքնաթիռում:

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին, որը 2021-2024 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, կարծում է, որ ուկրաինացիները չպետք է մերժեն պատերազմի երկարաժամկետ դադարեցման տարբերակը։ Նա այս մասին նշել է LIGA.net-ի իր սյունակում։

Զալուժնին հիշեցրել է, որ ոչ բոլոր պատերազմներն են ավարտվում մեկ կամ մյուս կողմի հաղթանակով կամ պարտությամբ։ Նույնիսկ եթե Ուկրաինան չկարողանա հաղթանակ տանել Ռուսաստանի դեմ խոշոր պատերազմում, այն դեռ կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը և հասնել տնտեսական զարգացման։

Զալուժնին նաև ակնարկել է այն հնարավորության մասին, որ մինչև խաղաղության կնքումը Ռուսաստանը կփորձի քաղաքացիական պատերազմ հրահրել Ուկրաինայում՝ այն ինքնիշխան կառավարությունից զրկելու համար։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունն արդեն զգալի կորուստներ է կրել կոռուպցիոն սկանդալի պատճառով, մասնավորապես՝ Զելենսկու վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականից հետո։ Զելենսկին նույնպես սպառնալիքի տակ է։ Թրամփի ծրագրի համաձայն՝ Ուկրաինայում շուտով նախագահական ընտրություններ են կայանալու։ Զալուժնին համարվում է ամենահավանական թեկնածուն։