Այսօր անկախ Հայաստանի պատմության մեջ ֆունդամենտալ օր է

  • 10:07 01.12.2025

1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը Երևանում համատեղ նիստում որոշում ընդունեցին վերամիավորման մասին։

Այս որոշման՝ որպես հայերի անկախ պետականության իրավունքի հիմնասյուներից մեկի, հղումը ներառվել է Հայաստանի անկախության հռչակագրում, որի հիման վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը։

Այդ ժամանակվանից ի վեր միասնական հայկական պետությունը բազմաթիվ փորձությունների է բախվել, բայց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը չի չեղարկվել կամ հերքվել։ Պատահական չէ, որ Բաքուն և Անկարան պահանջում են այս որոշ,ամ հղումը հանել Հայաստանի Սահմանադրությունից։ Եւ միայն Ռուսաստանն է աջակցել Բաքվի պահանջին։

Սակայն աշխարհում ոչ մի իհեն հարգող երկիր հրապարակավ կամ պաշտոնապես չի պահանջել չեղարկել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը։ Իրավունք հարգող ոչ մի երկիր չի կարող անտեսել ազգի ինքնորոշման Աստծո տված իրավունքը։ Եվ ոչ մի հայ չի կարող չհասկանալ, որ քանի դեռ անկախ հայկական պետությունը հենվում է իրավունքի վրա, այն անպարտելի է։ Բայց հենց որ հայերը հրաժարվեն իրենց իրավունքներից, պետականությունը կփլուզվի։

Այն, ինչ Հայաստանի քաղաքացիներին առաջարկվում է «Չորրորդ Հանրապետության» փաթեթավորմամբ, օրենքի ամենամաքուր ձևի վրա կառուցված անկախ պետականության մերժումն է: Արցախի ժողովրդին Հայաստանի քաղաքացիության իրավունքից զրկելը ինքնիշխան պետականությունից հրաժարվելու առաջին քայլն է:

Որոշման տեքստը

«Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

  1. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում:
  2. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն:
  3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
  4. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ստեղծում են համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումն իրագործելու ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար:
  5. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը:
  6. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին և ԼՂԻՄ-ի Ազգային խորհրդի նախագահությանը հանձնարարվում է գործադրել սույն որոշումից բխող բոլոր անհրաժեշտ միջոցառումները` իրականացնելու համար Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլումը միասնական պետական-քաղաքական համակարգում»: