
Կենսաթոշակառու տարիքի հասած արցախցիների զգալի մասը շարունակում է խնդիրներ ունենալ փաստաթղթերի բացակայության պատճառով ու չեն կարողանում ձևակերպել օրենքով իրենց հասանելիք թոշակը։ Ամիսներ առաջ է արցախցի Իրինա Ասրյանը բախվել նման խնդրի։ Նա Ստեփանակերտ քաղաքից է տեղահանվել ու տարեց մոր հետ բնակություն հաստատել Երևան քաղաքում։
Քանի որ լրացել էր զինվորական կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը, Իրինան ցանկացել է ՀՀ-ում անցնել զինվորական թոշակի, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով աշխատանքային գրքույկի կորստի պատճառով առաջացել են աշխատանքային ստաժի հաշվարկման խնդիրներ։
Ամիսներ առաջ մենք անդրադարձել էինք Իրինա Ասրյանի հարցին, երբ 2024-ի հունվարին լրացել էր նրա զինվորական կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը և նա դիմել է ՀՀ ՊՆ, որ նշանակվի երկարամյա ծառայության թոշակը։ Սակայն Իրինան գրությամբ մերժում է ստացել, քանի որ բացակայում էին առնվազն 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու մասին հավաստի փաստաթղթերը։ Գրությունը ստանալուց հետո նա դիմել է ՀՀ ԱՆ և <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ, սակայն գրությամբ կրկին մերժում է ստացել՝ տվյալներն առկա չլինելու պատճառով։
Իրինա Ասրյանը ստիպված է եղել դիմել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, քանի որ այլ ճանապարհով հնարավոր չէր հաստատել աշխատանքային ստաժը։ Դատարանը մերժել է դիմումը։ Նշված վճռի դեմ Իրինան ներկայացրել է վերաքննիչ բողոք և ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել այլ կազմով նոր դատական քննության։
-Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 9-ի վճռով իմ դիմումը բավարարել է և որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ՝ հաստատել, որ ես 2000 թվականի մայիսի 1-ից մինչև 2010 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշախատել եմ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի դատարանում՝ որպես օպերատոր- մեքենագրուհի և այդ տարիները համարել է աշխատանքային ստաժ։ Իսկ ԼՂՀ ՊԲ-ի շարքերում ծառայած իմ զինվորական ծառայության ընդհանուր ստաժը զինվորական ծառայությունից պահեստազոր արձակելու պահին կազմում է օրացուցային 16 տարի, 9 ամիս, 19 օր։ Այսինքն՝ երկարամյա զինվորական թոշակի անցնելու անհրաժեշտ ստաժը առկա է։ 2024 թվականի հունվարի 22-ին դիմել եմ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն՝ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար, սակայն նույն թվականի մարտի 26-ի գրությամբ ինձ տեղեկացվել է, որ զինվորական կենսաթոշակ նշանակելը հնարավոր չէ, քանի որ օրենքով նախատեսված ստաժը չէր բավարարում և այդ հարցին հնարավոր կլինի անդրադառնալ առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում։
Ներկայումս ունեմ օրենքով նախատեսված ընդհանուր աշխատանքային ստաժը, սակայն ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը հրաժարվում է ինձ զինվորական կենսաթոշակ նշանակել դիմելու պահից, այսինքն՝ 2024 թվականի հունվարի 22-ից և ինձ պարզաբանել են, որ կարող են թոշակ նշանակել 2025 թվականի նոյեմբեր ամսից, որի արդյունքում ես կկորցնեմ ավելի քան 20 ամսվա զինվորական թոշակի գումարը։ Այն զգալի գումար է կազմում և սոցիալական ծանր վիճակում գտնվող իմ ընտանիքի համար մեծ նշանակություն ունի։
Սպասում եմ ՀՀ ՊՆ կողմից որոշում կայացնելուն, որից հետո ստիպված կլինեմ կրկին դիմել դատարան՝ իմ խախտված իրավունքները վերականգնելու համար,-ասում է Իրինան։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ