
Նոյեմբերի 29-ին կայացավ «Արցախցին կարդում է» Գրքարշավ 2025-ի մրցանակաբաշխությունը։
Միջոցառման ընթացքում գրքարշավի լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները արժանացան մրցանակների և պատվոգրերի: Այսպիսով՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում ծնված տղաներ Արա Մայիլյանն ու Տիգրան Պողոսյանը, բարձր պահելով հայրենի Ճարտարի պատիվը, տարբեր անվանակարգերում արժանացան խրախուսանքների: Արան նվաճեց 1-ին, իսկ Տիգրանը՝ 3-րդ հորիզոնականները։ Նրանք ստացան մրցանակներ ու պատվոգրեր: Ավելին՝ Տիգրանին շնորհվեց նաև «Ամենաշատ դիտում» հատուկ մրցանակը:
Իր հիմնադրումից ի վեր «Մոնթե-Ավո» նախաձեռնությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ մշակութային և կրթական ոլորտներում։ Այսպիսով, «Արցախցին կարդում է» բուքինիստական արշավը շարունակվում է արդեն մի քանի տարի, մրցույթին մասնակցում են երեխաներ Արցախի տարբեր շրջաններից։
Մրցույթը լայն տարածում է գտել արցախցի գրքասեր երեխաների շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մրցույթն ավելի գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար նախաձեռնությունը սահմանել է մրցանակային ֆոնդ, հատուկ նվերներ և «Գրան Պրի»՝ զբոսաշրջություն։
<<Մեր ընտանիքի և եղբորս անունից խորագույն շնորհակալությունն ենք հայտնում «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությանը և հանձնաժողովի բոլոր արժանապատիվ անդամներին։
Շնորհակալ եմ իմ սիրելի ուսուցիչներին՝ յուրաքանչյուրին առանձին, ձեր անսպառ աջակցության, հոգատար վերաբերմունքի և այն մեծ սիրո համար, որով միշտ կերտում եք մեր ճանապարհը։ Նոյեմբերի 29-ին, 2025թ․, փոքրիկ Արցախը կրկին վերամիավորվեց։
Ավարտվեց «Արցախցին կարդում է» ամառային գրքարշավ 2025 ը ՝ ցանելով ուժի, պատրաստակամության, կամքի ու պայքարող մտքի նոր սերմեր։ Այն բացեց նոր աչքեր, նոր կամարներ, տվեց ավելի խիզախ, մտածող ու պատրաստակամ երիտասարդներ ՝ Արցախի անսասան, անպարտ երեխաներ, ովքեր գիտելիքով պիտի պահեն մեր վաղվա օրը>>, իր շնորհակալական խոսքում նշում է գրքարշավի ակտիվ մասնակից Տիգրան Պողոսյանի քույր Մելինե Ավագյանը:
Շնորհավորում ենք «Արցախցին կարդում է» գրքարշավի բոլոր մասնակիցներին մաղթելով հետագա հաջողություններ ։
Արսեն Աղաջանյան