
«Մենք գնահատում ենք Եվրամիության աջակցությունը։ Մի քանի հիմնական արդյունքների մասին եմ ուզում խոսել, առաջինը՝ մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ ստանալու համար սկսել ենք վիզաների ազատականացման գործընթացը, որի իրականացման արդյունքում կունենանք ավելի մեծ շարժ եւ ի վերջո կհասնենք առանց վիզայի ճամփորդության»,- ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ երկրորդ ոլորտն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում ընդլայնված համագործացկությունն է։ «Օգնության առաջին մասը Հայաստանը ստացավ խաղաղության գործիքի շրջանակներում, սա նոր հորիզոններ է բացում համագործակցության համար։ Բարձր ներկայացուցիչ Կալլասի այցի ժամանակ մենք ստորագրեցինք համաձայնություններ եւ խոսեցինք նաեւ Հայաստանի՝ ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությանը միանալու մասին։ Անվտանգությունն ու պաշտպանությունը կարեւոր ուղղություն է մեր համագործակցության համար»,- նշեց Միրզոյանը՝ անդրադառնալով նաեւ տնտեսության ոլորտում համագործակցության մասին։
Նա ասաց, որ եվրոպական կողմի հետ քննարկել են նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ավելի մեծ հնարավորությունների մասին, քննարկել են TRIPP-ի ուղղությամբ կատարվող աշխատանքը։ «Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնություններն աննախադեպ հնարավորություններ են ստեղծել, լրացուցիչ պոտենցիալ քայլերը, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը եւ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոփոխել տնտեսական եւ քաղաքական ճարտարապետությունն ամբողջ տարածաշրջանում»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Միզոյանն ասաց, որ այսօր ընդունվել է Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր ռազմավարությունը․ «Եվ մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի։ Սա մեր ամբիցիաների վերջը չէ, ինչպես գիտեք՝ Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց Հայաստանի՝ Եվամիության անդամակցության մասին։ Եվ այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարեւոր է՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ»։