
Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։ Նրանք ժամանել են Մոսկվա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագիրը քննարկելու համար։ Դրանից առաջ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «ամեն ինչ կախված է» այդ բանակցություններից, մինչդեռ Վլադիմիր Պուտինը ավելի ռազմատենչ հայտարարություններ է արել՝ այս անգամ ուղղված ոչ միայն Ուկրաինային, այլև Եվրոպային։
Պուտինի հանդիպումը Վիտկոֆի և Քուշների հետ տևել է մոտ հինգ ժամ և ավարտվել է Մոսկվայի ժամանակով ժամը 00:30-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրեմլը նշել է երեք կետ, որոնց վերաբերյալ փոխզիջում չի լինի։ Առաջին՝ Մոսկվան պահանջում է Դոնբասի տարածքի ամբողջական հանձնում, այդ թվում՝ այն տարածքները, որոնք ռուսական զորքերը չեն կարողացել գրավել։
Երկրորդ՝ Ռուսաստանը պնդում է ուկրաինական բանակի չափսերի սահմանափակման վրա՝ նման այն պահանջներին, որոնք Մոսկվան ներկայացրել էր 2022 թվականի գարնանը Ստամբուլի բանակցությունների նախագծում։ Այդ ժամանակ Կրեմլը ցանկանում էր սահմանափակել ուկրաինական բանակը մինչև 85,000 զինվոր և 15,000 Ազգային գվարդիայի մարտիկ։ Երրորդ՝ Ռուսաստանը պահանջում է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ճանաչեն իր գրավված տարածքները։
Եվրոպան հոռետեսորեն է տրամադրված Վաշինգտոնի խաղաղության ծրագրի նկատմամբ: Ռուս բռնապետը կառուցողական երկխոսության պատրաստակամություն չի ցուցաբերում: Եվ Եվրոպան արդեն պատրաստում է «Բ պլան» այն դեպքում, եթե բանակցությունները ձախողվեն: Այս մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ութ դիվանագիտական աղբյուրների:
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Եվրոպայի հետ, «բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա կռվել և սկսի», Մոսկվան «պատրաստ է հենց հիմա»: Նա նաև պնդել է, որ Ռուսաստանը գործում է «վիրաբուժական, զգուշորեն» Ուկրաինայում, բայց Եվրոպան կարող է բախվել այլ սցենարի:
«Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա պատերազմ սկսել և դա անի, շատ արագ կարող է ստեղծվել իրավիճակ, որի դեպքում մենք ոչ ոքի հետ չենք ունենա բանակցելու», – ասել է նա (մեջբերել է «Ինտերֆաքսը»:
Եթե ներկայիս փորձը ձախողվի, եվրոպացի դաշնակիցները անմիջապես կդիմեն պահեստային ծրագրի: «Ամեն ինչ շատ պարզ է՝ ավելի շատ զենք մարտադաշտում, ավելի շատ գումար ուկրաինական տնտեսության համար և ավելի խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ», – ասել է դիվանագետներից մեկը:
Եթե նման դիվանագիտության արդյունքում ԱՄՆ-ն ճնշում գործադրի Կիևի վրա՝ անբավարար գործարք ընդունելու համար, Մոսկվան, անկասկած, գոհ կլինի: Այնուամենայնիվ, Կրեմլը նաև համաձայն է այն տարբերակի հետ, որ Սպիտակ տունը կամ ամբողջությամբ դուրս գա գործընթացից, կամ շարունակի միջնորդի դեր խաղալ՝ Ուկրաինայի ակտիվ դաշնակցի փոխարեն, ինչպես նախկինում էր, հաղորդում է BBC-ն: