
ԵԱՀԿ Մինսկի խմբի ինքնալուծարումից և Հայաստանի կառավարության կողմից ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հիմնական փաստաթղթերի հրապարակումից հետո Հայաստանում սկսվեցին բուռն քննարկումներ։ Այս քննարկումների էությունը հանգում է մեկ հարցի. արդյո՞ք Հայաստանի նոր կառավարությունը հանցավոր դավադրության մեջ է մտել Արցախի հարցի շուրջ, թե՞ արեց այն ամենը, ինչ հնարավոր էր այդ ժամանակ՝ չկարողանալով դիմադրել միջազգային կոնսենսուսին։
Հիմնական քննարկումը ծավալվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի 2019 թվականի առաջարկի շուրջ, որը, ըստ ընդդիմության, լավագույն տարբերակը չէր, բայց թույլ կտար խաղաղ լուծում գտնել՝ պահպանելով Արցախը նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի միջանցքի շրջանակներում, հարցը հասցնելով հանրաքվեի և հռչակելով ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Ընդդիմությունը կարծում է, որ նման լուծում հնարավոր էր։ Կառավարության պաշտոնյաները նշում են, որ նման տարբերակ չկար. նրանք կամ պետք է կամավոր հրաժարվեին Արցախից, ինչը այդ ժամանակ կնշանակեր ցանկացած կառավարության վերջ, կամ գնային պատերազմի։
Ես հերքում եմ ընդդիմության պնդումը, որ 2019 թվականին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոր առաջարկներ են ներկայացվել և որ մենք դրանք մերժել ենք։ Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ և Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ի՞նչ է իրենից ներկայացնում 2019 թվականի փաստաթուղթը։ Դա 2018 թվականի փաստաթղթի ամփոփումն է։ Դա նոր առաջարկ չէ։ Հայաստանը պաշտոնապես այդ ժամանակ չի արձագանքել դրան, քանի որ դեռևս գտնվում էր փաստաթղթի գնահատման գործընթացում։ 2018 թվականի փաստաթուղթը շատ քիչ է տարբերվում 2016 թվականի օգոստոսի փաստաթղթից։ 2019 թվականի փաստաթուղթը Սերժ Սարգսյանի ժառանգությունն էր, և հայկական կողմը չի մերժել այն», – նշել է Ռուբինյանը։
Այսինքն, ըստ Ռուբինյանի, 2019 թվականի նոր փաստաթուղթ չի եղել, և ՀՀ կառավարությունը այն չի մերժել։
Թե՛ «մեղադրանքները», թե՛ կառավարության «արդարացումները» համոզիչ չեն հնչում, քանի որ չեն պատասխանում գլխավոր հարցին՝ արդյո՞ք 2018 թվականին իշխանության եկածները իսկզբանե մտադիր էին “լուծել” Արցախի հարցը՝ այն զիջելով Ադրբեջանին։ Արդյո՞ք համաշխարհային կոնսենսուս կար Արցախի խնդրի նման «կարգավորման» վերաբերյալ, և արդյո՞ք Փաշինյանը ներգրավված էր այս կոնսենսուսի մեջ։
Փաստորեն, այս հարցերը առաջացնում են մի ամբողջ շարք նոր հարցեր, օրինակ՝ ո՞վ և ի՞նչ նպատակով բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Եվ ինչպե՞ս 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո Փաշինյանին հաջողվեց ոչ միայն պահպանել իշխանությունը, այլև հավակնել իշխանությանը 2026 թվականին։