Խորհրդարանը ծաղիկ է նկարում, որ չհիշի ամենաառարկայական որոշման մասին

  • 23:34 03.12.2025

Հայաստանի խորհրդարանի ոչ մի նիստ չի անցնում առանց Ղարաբաղի հարցի քննարկման, երբեմն ամբողջությամբ վերածվելով այս հիմնարար խնդրի շուրջ լիարժեք բանավեճի: Չնայած իշխանությունների հավաստիացումներին, որ «տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել» և Ղարաբաղի խնդիրը լուծված է, խորհրդարանը ամեն օր հաստատում է, որ խնդիրը մնում է բաց։

Այսօրվա խորհրդարանական նիստը վերածվեց փաստաթղթերի քննարկման, որոնք ընդամենը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներ էին, չընդունված ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի կողմից և Ղարաբաղի հարցով պաշտոնական համաձայնագրի չվերածված: Սակայն հասուն տղամարդիկ և կանայք, լուրջ դեմքերով, քննարկում էին այս ենթադրական առաջարկները, որպեսզի պատահաբար չհիշեն առարկայական փաստաթղթեր։

Արդյո՞ք 2019 թվականի առաջարկը ավելի լավն էր, քան մյուսները: Ո՞ր առաջարկներն էին ենթադրում Ղարաբաղի համար ավելի լավ կարգավիճակ: Արդյո՞ք Քոչարյանը Քի Ուեսթում խոստացավ Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց: Ահա թե ինչ էին քննարկում խորհրդարանում պաշտոնյաները, որպեսզի չհիշեն Ղարաբաղյան շարժման հիմնարար փաստաթուղթը՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին բանաձևը: Չնայած սա միակ փաստաթուղթն է, որը արտացոլում է հակամարտության էությունը և դրա լուծումը, և Մինսկի խմբի առաջարկները մերժվեցին հենց այն պատճառով, որ դրանք հիմնված չէին 1989 թվականի օրինական որոշման վրա։

«Եթե կար տարբերակ՝ լուծելու Ղարաբաղի հարցը այնպես, որ Լեռնային Ղարաբաղը մնա հայկական, ապա թող ձեր ղեկավարները որոշեին նախորդ ժամանակաշրջաններում»,- նշել է այսօր Նիկոլ Փաշինյանը։ Նա կրկին ասել է, որ Ղարաբաղի հարցը լուծվել է 1996 թվականին։

Փաշինյանը նշել է, որ առաջարկություններում ԼՂ–ի համար որեւէ կարգավիճակ կարող էր և նախատեսված չլինել։ Որ 1996–ի Լիսաբոնի գագաթաժողովում ասվում է միջազգային հանրության դիրքորոշումը, որ ԼՂ–ն պետք է օգտվի ինքնորոշման իրավունքից և ստանա ինքակառավարման կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Որ բոլոր փաթեթներով նախատեսված է եղել այդ պահին ԼՂ գոյություն ունեցող կարգավիճակի լուծարում։

“Այն ժամանակ, երբ հայկական կողմը համաձայնել է ապագա հանրաքվեով կարգավիճակ որոշելուն, դա նշանակում է, որ 1991–ի դեկտեմբերի 10–ի հանմրաքվեն նույն պահին չեղարկվել է», ասել է նա։

Փաշինյանը չի հիշատակում միայն մեկ “մանրուք”՝ դա ընդամենը առաջարկներ էին, և դրանցից ոչ մեկը պայմանագրի չի վերածվել և ոչինչ չի չեղարկել։

Սերժ Սարգսյանի նամակի արդյունքում բանակցային փաթեթը բարելավվել է ու Ալիեւը ստիպված ասում էր, որ «փակ դռների հետեւում պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը», պատասխանել է նրան Էդուարդ Շարմազանովը։

Իսկ Արթուր Խաչատրյանը նկատել է, որ նման ձևով կարելի էր 100 տարի բանակցել, եթե գործը չհասցնվեր պատերազմի։

Պարլամենտում և դրա պատերից դուրս ծաղիկ են նկարում, որպեսզի չհիշեն Արցախյան հիմնախնդրի գլխավոր փաստաթուղթն ու լուծումը, որը չեն կարողացել չեղարկել ոչ 30 տարվա դատարկ բանակցությունները, ոչ պատերազմն ու օկուպացիան, բայց կարող են չեղարկել ծաղիկ նկարողները։