
Փաշինյանի հայտարարությանը համապատասխան հրապարակվել են Արցախյան հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը։
Տվյալ փաստաթղթերը փաստում են այն, ինչ մենք գիտեինք, որ ի սկզբանե բանակցային գործընթացի հիմքը դրված էր այնպես, որ վերջնական ելքը լիներ Արցախի օտարացումը Հայաստանից և նրա հայաթափումը։
Բոլոր տարբերակներով՝ լինի դա ԵԱՀԿ ՄԽ առաջարկները, Մադրիդյան սկզբունքները, Կազանի փաստաթուղթը կամ ռուսական առաջարկը (Լավրովի պլանը), դրանք հիմնված էին 7 շրջանի հանձման վրա։
Որոշ փաստաթղթերում գործընթացը բաժանված էր փուլերով՝ 5 շրջան՝ առաջին փուլով, 2 շրջան՝ ԼՂԻՄ-ի միջանկյալ անորոշ կարգավիճակի որոշումից հետո։
Ասել է թե՝ բանակցային ընթացքը այնպես էր, որ հայկական կողմը զիջում էր 7 ազատագրված հայապատկան շրջանները՝ փոխարենը ստանալով օդից կախված, կեղծ անվտանգության երաշխիքներ և Արցախի անկախությանը հասնելու ոչ մի հստակ մեխանիզմ։
Ինչի հետևանքով ստանալու էինք՝
– ԼՂԻՄ՝ առանց 7 հայապատկան շրջանների,
– Բերձորի միջանցք, որը ցանկացած պահի ադրբեջանական կողմը կարող էր փակել, քանի որ ոչ մի խաղաղապահ զորք չէր կարող երաշխավորել միջանցքի անխափանությունը,
– Որից հետո աստիճանաբար կամ անմիջապես հայաթափվելու էր Արցախը, քանի որ Բաքվի նպատակը ողջ Արցախն էր, այլ ոչ միայն 7 շրջանները,
– 7 շրջանների հանձնումից հետո օրակարգում կհայտնվեր նաև Սյունիքի միջանցքը։
Արդյո՞ք սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չուներ այլընտրանք, քան՝ կամ համաձայնվել պատերազմում զիջել շրջանները, որի հետևանքով կհասնեինք այն կետին, որտեղ այսօր ենք, կամ ստորագրել 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ստանալ դրա հետևանքները։
Ո՛չ։ Կային այլընտրանքներ։
Ինչպես նշեցի՝ հրապարակված փաստաթղթերը փաստում են, որ ի սկզբանե բանակցային գործընթացի հիմքը դրված էր հայկական շահերի և Արցախի պահպանմանն ի հակառակ։
Բանակցային ընթացքը հիմնված էր «զավթված Սովետական Հայաստանի» կեղծ տարածքային ամբողջության վրա, որի հետևանքով Արցախը ՀՀ տարածքային ամբողջության մեջ չէր մտնում և պայքարում էր միայն ԼՂԻՄ-ի անկախության համար, ինչը ի սկզբանե անիրականանալի էր։
Երրորդ Հանրապետությունը, դիրքավորվելով որպես «զավթված ռուսական Հայաստանի» իրավահաջորդ, ընդունելով ռուս–թուրքական պայմաններով Արցախի, Նախիջևանի և այլ տարածքների ՀՀ-ից օտարումը, ինքն իրեն դրեց փակուղային իրավիճակում։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլ–մայիսյան իրադարձություններից հետո, ուներ բավական մեծ հանրային աջակցություն։ Եվ նա կարող էր՝
1. Համախմբել ժողովրդին, ստեղծել «ազգ–բանակ» կոնցեպտի ներքո կազմակերպված ազգային բանակ և պատրաստվել պատերազմին,
2. Զգուշավոր քայլերով փոխել հայ–ադրբեջանական բանակցային հիմքը, դուրս գալով «օկուպացված Հայաստանի» կողմից ժառանգած տարածաշրջանային ճարտարապետությունից և ժառանգելով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծած տարածաշրջանային տրամաբանությունը և տարածքային ամբողջականությունը։ Դա հիմնված էր Ազգերի Լիգայի հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց–առաջարկի (որտեղ ԼՂԻՄ-ն ու հարակից շրջանների մեծ մասը ՀՀ էին), Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի և ընդհանրապես՝ ցեղասպանության հետևանքները վերացնելու, պահանջատիրությունը կյանքի կոչելու և համաշխարհային աջակցություն ստանալու տրամաբանության վրա (Իսրայելի օրինակ)։ Բնական է, որ թուրքական կողմերը չէր ընդունի այս ռազմավարությունը, և պատերազմն անխուսափելի կլիներ, բայց վստահաբար չէինք ունենա վերջին 5 տարվա աղետների հիմքը՝ նոյեմբերի 9-ի հայակործան հայտարարությունը։ Ուկրաինայի օրինակով վճռական, մենակյա պայքարի դեպքում կհայտնվեին դաշնակիցներ, և վերջնական ելքը կհանգեցներ հաղթանակի։
3. Զգուշավոր կերպով փոխել աշխարհաքաղաքական վեկտորը և ձեռք բերել նոր դաշնակիցներ։
Բայց Նիկոլ Փաշինյանը արեց հակառակը։ Մնալով ռուս–թուրքական աշխարհաքաղաքական ծիրում և շարունակելով «զավթված Հայաստանի» կոնցեպտային մոտեցումները՝ նա հանձնեց Արցախը, հազարավոր մահերի պատճառ դառնալով, իսկ ռուս–թուրքական «հանձնման–ընդունման» պայմանավորվածությունների արդյունքում դարձավ թուրքական շահերի սպասարկու, և Հայաստանը այժմ գնում է դեպի թուրքացում։
Արցախի հիմնահարցն ուներ և ունի միակ հայանպաստ լուծում, որը հիմնված է Հայաստանի Հանրապետության իրական տարածքային ամբողջության վրա։ Արցախի հարցը այլ վերջնական լուծում չի ունեցել և չունի։
Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ չկար այլ տարբերակ, քան Արցախի հանձնումը։ Կար այլ հայանպաստ տարբերակ, բայց նա ընտրեց դավաճանականը։