ՀՀ սահմանային պաշտպանությունը շուրջ 100 կմ ավելացել է․ նոր լուծումներ են պետք

  • 16:20 04.12.2025

«Ցանկացած բարեփոխում, որը պետք է բարելավի բանակային ծառայությունը, ընդունելի է, եթե այն բխում է տվյալ երկրում ստեղծված իրավիճակից ու այն խնդիրներից, որոնք ծառացած են այսօր ՀՀ առջեւ։ ՀՀ սահմանային պաշտպանությունը շուրջ 100 կմ ավելացել է․ Ղարաբաղի 283 կմ-ին ավելացել է Ադրբեջանի հետ սահմանը՝ Զոդից մինչեւ Մեղրի»,- ԱԺ նիստում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ դրանից ելնելով պետք է այսօր որոշումներ ընդունվեն եւ ազգային անվտանգության ռազմավարություն մշակվի, ինչը չի արվում։ Օհանյանը նաեւ նշեց, որ այս իշխանության կուսակցական ծրագրերով կորցրել ենք ամբողջ Արցախը։

Սեյրան Օհանյանին արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը․ «Պարոն Օհանյան, մենք Արցախը կորցել ենք շատ վաղուց, մինչեւ 1994 թվականը մեր բանակն ուներ որոշակի գաղափարական, քաղաքական եւ ռազմավարական առանձնահատկություններ։ Դրանից հետո մենք անշեղորեն ապրել ենք անկում, եւ 2016 թվականին հակառակորդը ցույց տվեց, որ ուներ առավելություններ»։

ԱԺ նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժակետը կրճատել եւ սահմանել 1,5 տարի։