Հրատապ աջակցությունն ու դրա հետ կապված խնդիրները

  • 18:36 04.12.2025

Հարցման ամփոփում

Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10 սոցիալական աջակցությունը 2025 թվականի հունիսի 1-ից վերամեկնարկեց արդեն 30 000 դրամ աջակցությամբ՝ իր մեջ ներառելով ավելի քիչ թվով շահառուների:

Սրան զուգահեռ մեկնարկեց նաև հրատապ աջակցությունը, որը նպատակաուղղված է կարիքավոր ընտանիքների կեցության բարելավմանը:

Այս տարվա նոյեմբերի 24-ին Սիվիլնեթ լրատվական կայքում Սիրանուշ Ադամյանի «Երբ հրատապ աջակցությունը ոչ միշտ է հրատապ. արցախցիներին աջակցության ծրագրի խնդրահարույց հանգամանքները» թեմայով հրապարակված հոդվածը վեր է հանում հրատապ աջակցության հետ կապված խնդիրները: Հոդվածին կից ներկայացված է հարցման ակտիվ հղում, որով օգտատերերը մասնակցում են հարցմանը:

Նշենք, որ հրատապ  աջակցությունից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնցում մեկ անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցում 55,000 դրամը։

Հոդվածում ներկայացված խնդիրներից առավել ուշագրավները վերաբերում են աջակցությունից օգտվելու մերժումներին՝ կապված դիմումատուի բնակության վայրի փոփոխության հետ, կամ մերժվում է, որ կարիքավոր ընտանիք չի հանդիսանում, այնինչ ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող երեխա և ընտանիքը, իրոք, սոցիալական օգնության կարիք ունի, կամ էլ՝ ամենատարրական տեխնիկական խնդիրների պատճառով:

Ըստ որոշ իրավախորհրդատուների՝ ծրագրի արդյունավետությունը նվազում է նաև առաջացած հարցերին ոչ այնքան արագ արձագանքելու և սխալները շտկելու հանգամանքով:

Հոդվածին կից հարցումում հարցադրումն այսպիսին է՝ «Եթե Արցախից տեղահանված եք, ինչպիսի՞ փորձ եք ունեցել հրատապ աջակցության ծրագրի հետ կապված»։

Հարցմանը մասնակցել է 618 օգտատեր: Դեկտեմբեր ամսվա դրությամբ հարցման արդյունքներն այսպիսին են՝

*ստացել եմ աջակցություն առանց խնդիրների (59 %)

*դիմել եմ, բայց ստացել եմ մերժում (15 %)

*դիմել եմ, բայց դեռ պատասխան չեմ ստացել (11 %)

*չեմ դիմել, որովհետև գործընթացը բարդ է (15 %):

Հրապարակման «Մեկնաբանություններ» բաժնում օգտատերերը նաև իրենց կարծիքն են հայտնել հրատապ աջակցության մասին: Ստորև կարող եք տեսնել դրանցից մի քանիսը՝

Արև Գասպարյան– Առաջին դիմումս ուղիղ երեք ամիս մնացել էր ստուգման փուլում (լրացրել եմ՝ 8 հուլիս, մերժում ստացել եմ՝ 3 հոկտեմբեր): Մերժման պատճառը ոչ լրիվ ընտանիքի կազմն էր, քանի որ լրացրել էի 40+10-ի դիմումի նման՝ մայր և անչափահաս երեխաններ, իսկ ամուսնուս՝ առանձին։ Սոցապում ինձ օգնել են միայն գրանցվելու ժամանակ, մնացածը ասել են գնա և շարունակիր ինքդ, լրացրու այնպես, ինչպես 40+10-ը: Հիմա ստացվում է, որ  3 երեխաներս զրկվում են իրենց գումարից, բայց դա իրենց հասնում էր։ Կխնդրեի նորից բարձրաձայնեք այդ խնդիրը և մի լուծում գտնեք այն մարդկանց համար, ովքեր շահառու էին, բայց ինչ-ինչ պատճառներով մերժում են ստացել:

Սաիդա Բաբայան– Ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ, էս ամսվա 30 հազարը դեռ չեմ ստացել, ո՞ւմ դիմեմ:

Արսեն-Հրատապ աջակցությունը շահումով է, մի ամիս ստանում ես, մյուս ամիս չկա, պատճառ էլ չկա:

 

Ամփոփում

Հարցման արդյունքներից կարելի է ենթադրել, որ  չնայած առկա խնդիրներին, հարցվողների կեսից ավելին անխոչընդոտ օգտվել է հրատապ աջակցության ծրագրից:

Մերժում ստացածները ու դեռևս պատասխան չստացածները ևս քիչ տոկոս չեն կազմում: Հատկանշական է, որ բավականին մեծ թվով օգտատերեր նշել են, որ գործընթացի բարդության պատճառով չեն դիմել ծրագրին:  Ըստ այդմ էլ՝ կարևորվում է գործընթացը հնարավորինս պարզեցնելու անհրաժեշտությունը:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ