Քոչարյան․ Եթե բանակի առաջնագիծը լիներ էնպես կահավորված, ոնց որ հիմա է․․․

  • 18:44 04.12.2025

«44-օրյա պատերազմի զեկույցն այսօր գտնվում է գաղտնի մասում։ Ես այսօր էլ անդրադարձ արել եմ զեկույցին՝ ի պատասխան Սեյրան Օհանյանի այն տեսակետի, որ Արցախը հայաթափվել է կուսակցական ինչ-ինչ ծրագրերի տրամաբանության մեջ։ Դա սուտ է, որովհետեւ եթե մասնակցեին զեկույցի ստեղծմանը եւ քննիչ հանձնաժողովի աշխատանքին, շատ լավ պատկերացում կունենային, թե պարտությունների պատճառը որտեղ պետք է տեսնել, այն, ինչ զեկույցում ներառվել է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ես կրկնում եմ իմ ցանկությունը, որ զեկույցը չի կարող փակվել միայն պետական կառույցների միջավայրում, զեկույցում կան դրվագներ, որոնք կարան հասանելի լինել հանրությանը։ Մի քիչ էլ համբերեք, էս էն զեկույցն է, որը չի կարա երկար մնա գաղտնի բաժնում, ինքը պետք է իր ճանապարհն անցնի։ Հիմա իր հաջորդ կանգառը որտեղ կլինի, դա ցույց կտան նաեւ զեկույցի նկատմամբ սպասելինքերը», – ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Արցախի հայաթափման ու պարտության պատճառներին՝ Անդրանիկ Քորարյանն ասաց․ «Բանակն ի՞նչ վիճակում է եղել, խնդիրը դրա մեջ է։ Եթե բանակի առաջնագիծը լիներ էնպես կահավորված, ոնց որ հիմա է․․․ Եթե մենք հիմա խոսում ենք ամրոցների մասին, այն ժամանակ տեսել ենք միայն բանկա-բութուլկեքը։ Սեյրան Օհանյանը թող ների ինձ, բայց ինքը չի ունեցել էդ հնարավորությունը՝ ամրոցներ կառուցելու, որովհետեւ էն ժամանակվա գումարները գնացել են դղյակներ կառուցելու համար։ Իսկ այսօր գումարը դրվել է հենց անվտանգային խնդիրների համար, եւ մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այնտեղ ծառայություն տանողը շատ պաշտպանված է՝ օդից, դիմացից եւ հետեւից»։