Պիտի խոստովանել, որ ինչպես Արցախում, այնպես էլ այստեղ մատնված ենք բախտի քմահաճույքին

  • 08:13 05.12.2025

Հարցազրույց՝ արցախցի վաստակաշատ մանկավարժ, Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի թոշակառու ուսուցչուհի, Արցախի ժուռնալիստների միության անդամ, Արցախյան շարժման ակտիվիստ, <<Լուսարար>> թերթի ակտիվ թղթակից Սուրայա Ղազարյանի հետ

-2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո արցախցին ակամա կանգնեց տեղահանության փաստի առաջ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդպես դասավորվեց նրա ճակատագիրը։

-Սեպտեմբերի 19-ը մեզ համար ոչ բարով լուսացավ։ Եթե ոմանց համար դա սպասելի էր, ապա մեզ համար՝ ոչ։ Միայն երեկոյան հայտնի դարձավ, թե ինչ է պատահել։ Տեսնում էինք, որ գյուղից անընդհատ մեքենաներ են դուրս գալիս, բայց չէինք հասկանում՝ ինչ է եղել։ Բարեկամներից մեկի զանգով իմացանք, որ գյուղը տեղահանում են։ Հիվանդ ամուսնուս հազիվ հասցնելով ներքև՝ ավտոբուսների մոտ, մենք ևս թողեցինք գյուղը՝ տանից ոչինչ չվերցնելով, անգամ փաստաթղթերը և ինձ համար կարևոր աշխատանքներ, որ դեռևս անտիպ էին։

Ստեփանակերտի օդանավակայանից այլևս չհաջողվեց գոնե 10 րոպեով գնալ գյուղ ու որոշ իրեր վերցնել, քանի որ վառելիքի բացակայության պատճառով ոչ մեկը չէր կարող մեքենա տեղաշարժել։

Երկու օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվեցինք քաղաք՝ Ստեփանակերտ, այնտեղից էլ սեպտեմբերի 29-ին՝ Երևան։ Այդ ամենի մասին ես միայն ամիսներ անց կարողացա արտահայտվել <<Կյանքի ճանապարհը՝ դժոխքի գույներով>> պատումներով (4 մաս)։ Ես նույնիսկ օդանավակայանում եղած ժամանակ ուժ չունեցա հեռախոսով նկարել այն անլուր տառապանքները, որ կրում էին իմ հայրենակիցները այդ երկու օրվա ընթացքում, համրացել էի, վերացել աշխարհից․ մեռել էր ոգիս։

Թե ով է մեղավոր այս դաժան ճակատագրի համար, դժվար է ասել, բայց որ մենք էլ մեր բաժին մեղքն ունենք, դա է ճշմարտությունը։ Մենք չենք կարողացել ճիշտ ու արժանի ղեկավար ընտրել։ Շատերը ու մեծամասնությունն ընտրեցին նյութականը և ո՛չ թանկ հայրենիքն ու նրա համար նահատակվածների հիշատակը։ Սա է ամենամեծ ցավը ինձ համար։ Մեր ինքնությունը մեծ խաղացողների ձեռքին դարձավ խաղալիք։ Շատ եմ ցավում դրա համար ու իրականության հետ դարձել եմ անհաշտ։

Գիտենք, որ կիսատ մնացած ծրագիր ունեք։ Նպատակ ունեիք Խնապատի հերոսների մասին գիրք հրատարակել։

-Խնապատի հերոսների ու նրանց հերոսական մաքառումների մասին նյութերը հասցրել էի համակարգչով լրիվ հավաքել, ու համարյա արդեն պատրաստ էր տպագրության, սակայն հաջողությունը չժպտաց ինձ, որովհետև ենթադրյալ հովանավորը հարմար չհամարեց ֆինանսական միջոցներ տրամադրել դրա համար, և գիրքս մնաց <<օդում>>։ Այն պատմություններն ու հերոսական դրվագները չդարձան ո՛չ խնապատցու և ո՛չ էլ հայի մնայուն արժեքները, որ սերունդներ պետք է կրթեին։ Ներկայումս էլ փնտրտուքի մեջ եմ և շնորհակալ կլինեմ այն մարդուն, որը կաջակցի ինձ՝ իրականացնելու այդ երազանքը։

Ակամա հայտնվել եք նոր իրականության մեջ, որքանո՞վ է հաջողվում հարմարվել։

-Նոր միջավայրին հարմարվելը շատ հարաբերական հասկացություն է։ Ես չեմ պատկերացնում մի արցախցի, որը կարող է ասել, որ լիարժեք հարմարվել է նոր միջավայրին այդ մեծ կորստից հետո։ Երբ դու լուսաբացն ու մայրամուտը քո հարազատ օջախում չես դիմավորում, երբ զրկված ես հարազատներիդ ու հերոսներիդ գերեզմաններ այցելելուց ու խնկարկելուց, երբ ամեն գիշեր երազում հայտնվում ես քո շեն օջախում, հարազատ կոլեկտիվում, երբ ամեն գիշեր քեզ այցի են գալիս քո հարազատներն իրենց շիրիմներից․․․, երբ դու ամենուր փնտրում ես քոնը, երբ փողոցում կամ տրանսպորտում լսում ես քո բարբառը, ու սիրտդ թունդ է լինում․․․ ինչպե՞ս հարմարվես, այս ցավը խեղդես։

Պիտի խոստովանեմ, որ իմ միակ փրկությունը դարձել է ստեղծագործական աշխատանքը, որի մեջ եմ գտնում հոգուս անդորրը։ Մասնակցում եմ տարաբնույթ միջոցառումների, լուսաբանում դրանք այժմ ավելի հարազատ դարձած <<Լուսարար>> թերթում։

Առիթն օգտագործում եմ և ընկեր-ծանոթների հետ փորձում եմ այցելել Հայաստանի տարբեր անկյուններ և ավելի հայրենաճանաչ դառնալ։ Դրանով եմ խեղդում հոգուս անամոք ցավը։

Կազմակերպում ենք հանդիպումներ համակուրսեցիների, կոլեկտիվի անդամների հետ։ Մի խոսքով՝ անընդհատ ուզում ենք փախչել ինքներս մեզանից։

Քանի գնում խորանում են արցախցիների սոցիալական խնդիրները։ Ի՞նչ կասեք ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին։

– ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրվող աջակցությունների և բնակապահովման ծրագրի վերաբերյալ դեռևս շատ հստակեցումներ են պետք։ Այն փաստը, որ դադարեցվել է բոլոր արցախցիներին տրամադրվող  աջակցությունը, միանշանակ մեր օգտին չէ։ Բնակվարձերը չեն իջնում, ձմռան ամիսներին էլ ավելանում են կոմունալ ծախսերը, ու շատերը ի վիճակի չեն լինելու մուծումները կատարել և հայտնվելու են դրսում։ Կա՞ մեկը այսօր Արցախի պաշտոնյաների մեջ, որ մտահոգ է այս խնդրով ու լուծումների ելքեր է փնտրում, իհարկե՝ ոչ։ Պիտի խոստովանել, որ ինչպես Արցախում, այնպես էլ այստեղ մատնված ենք բախտի քմահաճույքին։ Անորոշությունը կրծում է մեր հոգին։ Ո՛չ կարգին աշխատատեղ կա, ո՛չ կարգին աշխատավարձ։ Աշխատողը կարծես գործատուի ստրուկը լինի։

Արցախում մնացած մեր փաստաթղթերի վերականգնումն էլ դժվար է, չգիտես՝ ում դիմես, որ հստակ պատասխան ստանաս։ Դարձել ենք <<Պոչատ աղվեսը>> հեքիաթի հերոսները։

-Ի՞նչ է այսօր հարկավոր արցախահայությանը համախմբված լինելու համար։ Արդյո՞ք հավատում եք Արցախ վերադարձին։

-Համախմբում ասածն այսօր անիրականանալի է այն իմաստով, որ նախ՝ արցախցիները ցրված են ոչ միայն Հայաստանով մեկ, այլև աշխարհով։ Մարդիկ հազիվ մի կտոր հաց վաստակելու միջոցներ են փնտրում, որ ընտանիք պահեն։ Եթե նկատի ունեք հանրահավաքները, բողոքի ցույցերը, որ գնալով սակավամարդ են դառնում, ասեմ, որ դա էլ ունի իր պատճառները․ մարդիկ խորը հիասթափված են ու հուսահատ, ոչ մի տեղից լույսի մի շող անգամ չեն ակնկալում, չեն կարող անընդհատ բացակայել աշխատանքից ու կորցնել այն։ Բայց բոլորն էլ այրվում են Արցախ վերադարձի կարոտով, որովհետև մայր հայրենիքում նրանք չստացան այն ջերմությունն ու հոգատարությունը, որ սպասում էին։ Ավելին, գնալով ավելացավ արցախատյացությունը, որն այսօր ցավալի է շատ։

Մեզ անհրաժեշտ է հուսալի ու վստահելի առաջնորդ, որին արցախահայությունը կհավատա ու կհամախմբվի նրա շուրջը, թե չէ ի՞նչ ենք այսօր՝ հովիվը կորցած մի հոտ, որ չգիտի իր անելիքը։

Ինչ վերաբերում է վերադարձին, դա բոլորիս բաղձալի երազանքն է, ու ես հավատում եմ դրան։ Դժվարությամբ, բայց, միևնույն է, դա լինելու է։

Երանի նրան, ով կտեսնի այդ լուսաշող օրը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ