
Հինգշաբթի օրը Իսրայելին թույլատրվեց մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին: BBC-ի հաղորդմամբ՝ Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան որոշեցին բոյկոտել մրցույթը։
Այս երկրները կոչ էին արել Իսրայելին հեռացնել մրցույթից՝ Գազայի պատերազմի մարդասիրական հետևանքների և քվեարկության համակարգի մանիպուլյացիայի կասկածների պատճառով։
Նրանք առաջարկել էին, որ Եվրոպական հեռարձակողների միությունը գաղտնի քվեարկություն անցկացնի այս հարցի շուրջ, սակայն փոխարենը հինգշաբթի օրը Ժնևում կայացած Եվրոպական հեռարձակողների միության ժողովում ընդունվեցին քվեարկության նոր կանոններ։
«Անդամների մեծամասնությունը համաձայնեց, որ [երկրների մրցույթին] մասնակցության վերաբերյալ լրացուցիչ քվեարկության անհրաժեշտություն չկա, և որ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը պետք է ընթանա ըստ նախատեսվածի՝ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելով», – նշվում է Եվրոպական հեռարձակողների միության կայքում։
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը Եվրոպական հեռարձակողների միության որոշումը անվանել է «համերաշխության, եղբայրության և համագործակցության արժեքավոր ժեստ, որը խորհրդանշում է Իսրայելին լռեցնել ցանկացողների նկատմամբ հաղթանակ»։