Բաքուն վերջ է դնում Վաշինգտոնյան պայմանավորվածություններին

  • 12:03 05.12.2025

Թրամփի միջնորդությամբ կնքված համաձայնագրերից ուղիղ չորս ամիս անց Բաքուն մերժում է դրանք բոլոր առումներով, մասնավորապես՝ միջազգային քրեական մեղադրանքների հետկանչով։

Նույնիսկ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքվին հաջողվեց լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որից հետո, մաքուր խղճով, կրկին սկսեց պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Սա վերաբերում է ոչ միայն «ադրբեջանցիների վերադարձին» և նրանց «մշակութային ժառանգության» պաշտպանությանը Հայաստանում, այլև ՀՀ Սահմանադրության փոփոխություններին։

Հայկական քաղաքական վերնախավը, բովանդակային հարցեր քննարկելու փոխարեն, զբաղված է պարզելով, թե ով է մեղավոր պատերազմի և կապիտուլյացիայի համար։

ՀՀ իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ «խաղաղության գործընթացին՝ մերժելով միջազգային դատական ​​հայցերն ու պահանջները Արցախի վերաբերյալ և վախենալով անգամ քննարկել ազգային իրավունքները, մինչդեռ Ադրբեջանը փաստացի մերժում է Վաշինգտոնի համաձայնագրերը։

Ադրբեջանը հերթական անգամ պահանջներ է հնչեցրել՝ Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցու։ Այս մասին հայտարարվել է Բաքվում ընթացող «Մշակութային ժառանգություն եւ վերադարձի իրավունք. Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը՝ որպես արդարության, հաշտեցման եւ խաղաղության ուղի» համաժողովում։

«Հայաստանը պատմականորեն ոչնչացրել է Արեւմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների հարուստ նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը, ինչպես նաեւ հավատքի սրբավայրերը եւ գերեզմանատները՝ ադրբեջանցի ժողովրդի հետքերն իր տարածքից ջնջելու համար», ասված էԱլիևի ուղերձում։

«Մենք հավատում ենք, որ Արեւմտյան ադրբեջանական համայնքի խաղաղասեր ներկայացուցիչները կվերադառնան իրենց նախնիների հողերը, եւ որ մեր ժողովուրդների միջեւ կհաստատվեն բարիդրացիական հարաբերություններ»,- հայտարարել է Ալիեւը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ «Ադրբեջանական մշակութային ժառանգության վերականգնումը եւ պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է եւ անհրաժեշտ է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքը վերացնելու եւ ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու համար»։

«Անհրաժեշտ են քայլեր՝ հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված մարդկության դեմ հանցագործությունները միջազգային իրավական շրջանակում գնահատելու համար, եւ միջազգային հանրության աջակցությունն այս հարցում չափազանց կարեւոր է», ասված է ուղերձի մեջ։

«Արեւմտյան Ադրբեջան համայնքը կազմակերպություն է, որը միավորում է հազարավոր մարդկանց, որոնք վերջին 200 տարիների ընթացքում փուլ առ փուլ արտաքսվել են Հայաստանից»,- հայտնել է Ադրբեջանի իշխանությունների ստեղծած «համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեքբերովը։ Նրա խոսքով՝ կազմակերպության նպատակը «հայրենի հողեր ավելի քան 300 հազար փախստականների, որոնք հարկադրաբար հեռացել են իրենց պատմական բնակության վայրերից, վերադարձի» ապահովումն է։