
Step1.am-ի զրուցակիցն է ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։
–Պարոն Գասպարյան, ԱՄՆ նախագահ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության կարգարման ծրագիր է ներկայացրել, որի շուրջ դեկտեմբերի 2-ին համաձայնություն ձեռք չբերվեց։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ համաձայնություն ձեռք կբերվի, եւ պատերազմը կդադարեցվի։
-Այն, որ Պուտինը պատերազմը չի դադարեցնի, դա միանշանակ է, որովհետեւ Պուտինի համար պատերազմ դադարեցնել նշանակում է ստորագրել սեփական մահապատժի տակ։ Պուտինի համար պատերազմը դարձել է պաշտոնին մնալու եւ կենդանի մնալու միակ միջոցը, մի քանի պատճառներով։ Պատճառ համար մեկ՝ ինքը հիմա ունի մեկ միլիոնանոց բանակ, ընդ որում, այդ բանակի մեծ մասը քրեական անցյալ ունեցող մարդիկ են, որոնք հիմա մարդ սպանելու համար շատ բարձր փողեր են ստանում։ Եվ երբ Պուտինը պատերազմը դադարեցնի, այդ մարդիկ կվերադառնան խաղաղ կյանք, իսկ խաղաղ կյանքում իրենք ոչ մի բան են, բնական է, կլինի դժգոհություն, եւ կլինի այն, ինչ եղավ Ռուսաստանում 1917 թվականին, երբ Ռուսաստանը պատերազմից դուրս եկավ, եւ ֆրոնտից եկավ զինված բանդաները բոլշեւիկյան հեղաշրջում արեցին։
Երկրորդ՝ ռուսական տնտեսությունն ամբողջութամբ ռազմական ռելսերի վրա է, 2026 թվականի բյուջեի ծախսերի 40 տոկոսը տրամադրվելու է բանակին ու ուժային կառույցներին։ Դա նույնիսկ ավելի շատ է, քան ԽՍՀՄ տարիներին։ Եվ եթե ինքը պատերազմը դադարեցնի, այդ ռազմական տնտեսությունը կփլուզվի, որովհետեւ գրեթե անհնար է ռազմական տնտեսությունը նորից վերադարձնել քաղաքացիական դաշտ։ Որոշ տնտեսագետների գնահատմամբ՝ պատերազմի այս երեք տարիների ընթացքում քաղաքացիական ոլոտից 1 մլն-ից ավելի մարդ տեղափոխվել է ռազմական ոլորտ, որովհետեւ այնտեղ աշխատանք ու լավ աշխատավարձ կա։ Այդ ամենը միանգամից կփլուզվի։
Եվ երրորդ պատճառը քաղաքական է, Պուտինն իր վերնախավին ու շրջապատին խոստացել է սրբազան պատերազմ եւ հաղթանակ։ Եվ եթե ինքը պատերազմը դադարեցնի առանց հաղթանակի, իսկ հաղթանակն իրենց պատկերացմամբ ամբողջ Ուկրաինայի գրավումն է, ապա իր վերնախավը կասի՝ չհասկացանք, մենք այսքան զրկանքների գնացինք, մեր հարստությունը կորցրեցինք, ընկանք պատժամիջոցների տակ, որ մի հատ Բախմուտ գրավե՞նք։
Հետեւաբար, Պուտինը պատերազմը շարունակելու է, բայց դա չի նշանակում, որ ինքը դա բաց ասելու է։ Ինքը Թրամփին ասելու է՝ ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, պատրաստ եմ բանակցություններ վարել, քննարկումների մասնակցել։ Բնական է, որ ինքն այդ իմիտացիան պետք է անի, որ Թրամփի «գլուխը հարդուկի», որ Թրամփը, հավատալով իրեն, Ուկրաինայի, Եվրոպայի վրա ճնշում բանեցնի։
Պուտինի նպատակը ԱՄՆ-ին Եվոպայից շեղելն ու պոկելն է, եվրաատլանտյան այդ միասնությունը խաթարելն է, Ուկրաինային տրվելիք օգնությունից զրկելն է, նոր սանկցիաներից խուսափելն է։ Եվ դրա համար ինքը պետք է ասի՝ ես լավն եմ, խաղաղություն եմ ուզում։ Պուտինը դեկտեմբերի 2-ին այդ պլանը մերժեց, բայց չի ասում՝ ես մերժում եմ, ինքն ասում է՝ լավն է, բայց այնտեղ դեռ կետեր կան, պետք է քննարկել, այս անել, այն անել։ Դա անում են ժամանակ ձգելու համար։
Ուկրաինային առաջարկվում են տարածքային զիջումներ։ Ուկրաինան էլ ասում է՝ ես ինչո՞ւ տարածքային զիջումների գնամ, եթե Ռուսաստանը ռազմական առումով չի կարողացել գրավել։ Նամանավանդ, որ Ուկրաինայի զինվորականները կտրուկ դեմ են հողեր հանձնելուն, ասում են՝ եթե նահանջի հրաման լինի, մենք այդ հրամանը չենք կատարի։ Դոնբասի այն տարածքները, որոնք Պուտինն ուզում է, դրանք լավ պաշտպանական գծեր են, 10 տարուց ավելի բետոնային պաշտպանական գծեր են կառուցել ուկրաինացիները։ Եթե այդ ամենը զիջեն, Պուտինը հետո կարող է շատ հանգիստ գրավել Խարկովը, Կիեւը։
Եվ ուկրաինացիներն ասում են՝ եթե նույնիսկ մենք դա զիջենք, դուք մեզ այնպիսի երաշխիքներ պիտի տաք, որ դա զիջելուց հետո Պուտինը նորից մեզ վրա չի հարձակվի։ Լուրջ երաշխքիներ են ուզում, օրինակ, որ ՆԱՏՕ-ի զորքը տեղակայվի Ուկրաինայում, նոր հզոր զենքեր տան Ուկրաինային, նույնիսկ միջուկային զենքից են խոսում, որ Պուտինը վախենա նորից հարձակվել։ Իսկ այդ երաշխիքներին Պուտինն է դեմ, ասում է՝ ոչ մի ՆԱՏՕ-ի զորք Ուկրաինայի տարածքում։
Այսինքն՝ պատերազմը չի դադարի, էսկալյացիան կշարունակվի։ Եվրոպան հիմա արթանանում է, Եվրոպան ստիպված արթնանանում է, որովհետեւ հասկանում է, որ Ուկրաինայից հետո արդեն իրենց հարցն է։ Պուտինը մոլագար չեկիստ է, անկյուն քաշված շիզոֆրենիկ է, ինքն Ուկրաինայից հետո կհարձակվի Վրաստանի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ղազախստանի վրա։ Եվ Եվրոպան դա հասկանալով՝ պատրաստում է արդեն պատժամիջոցների 20-րդ փաթեթը։
Այսինքն՝ սրա դրական կողմն այն է, որ Եվրոպան թմբիրից դուրս է գալիս, իսկ այդ թմբիրի մեջ Եվրոպան մտել էր, որովհետեւ ասում էր՝ դե լավ, սովետը փլուզվեց, հիմա ամեն ինչ լավ է, Ամերիկան էլ մեր թիկունքին կանգնած է, մենք կարող ենք բանակ չունենալ, չաղ ու բախտավոր կյանքով ապրել։ Հիմա տեսնում են, որ համաշխարհային պատերազմը թակում է իրենց դուռը, ԱՄՆ-ն էլ մի կողմ է քաշվում։ Ուզեն-չուզեն իրենք պիտի արթանան։
Այսինքն՝ իմ պատկերացմամբ լինելու է շատ ուժեղ էսկալյացիա։ Ուկրաինան արդեն ամսեկան 50 հատ «Նեպտուն» եւ «Ֆլամինգո» հրթիռներ է արտադրում, բալիստիկ հրթիռներ է արտադրում։ Այսինքն՝ Ուկրաինան արդեն սեփական զենքեր է արտադրում, այնպես է անում, որ ԱՄՆ-ից կախված չլինի։ Եվ լուրեր կան, որ Ուկրաինան մեգա հարված է նախապատրաստում, մի գեղեցիկ օր կռմբակոծի Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, պահեստներ, գործարաններ եւ այլն։ Ուրիշ ելք չունեն այդ մարդիկ, ասիմետրիկ պատասխան պետք է տան։ Եթե մարդկային ռեսուրսով Ռուսաստանն Ուկրաինային գերազանցում է, պետք է ասիմետրիկ հարված հացնի։
Ես կարծում եմ, որ այս ձմռան ամիսները վճռորոշ կլինեն, որովհետեւ ռուսական ձմեռներն ի տարբերություն Ուկրաինայի շատ ավելի ցուրտ են։ Ուսաստանն արդեն աննախադեպ քայլերի է դիմում, արդեն ոսկու պաշարի 57 տոկոսը վաճառել է, որպեսզի բյուջեի պակասուրդը լրացնի։ Այսինքն՝ դա կոլապսի ու դեֆոլտի նախանշան է։ Ռուս տնտեսագետների գնահատմամբ՝ ռուսական տնտեսությունը կարող է դիմանալ ամենաշատը եւս մի քանի ամիս։ Ասում են, որ մարտ ամսին կարող է կոլապս լինել, բյուջեի դեֆիցիտը 8 տրիլիոն ռուբլի է։ Այնպես որ, ռուսական կայսրության փլուզումը մենք տեսնելու ենք անպայման։ Ժամկետների առումով կարծում եմ՝ 2026 թվականն է, թե որ ամսին, կյանքը ցույց կտա։
Ինչո՞ւ է դա մեզ համար կարեւոր, որովհետեւ քանի կա Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը Արեւմուտքի համար չարյաց փոքրագույնն է։ Եվ Նիկոլ Փաշինյանի թերությունները լավ իմանալով հանդերձ՝ Արեւմուտքն այնուամենայնիվ հանդուրժում է Նիկոլին, նույնիսկ օգնում է՝ վախենալով Քոչարյանի վերադարձից, Սամվել Կարապետյանից եւ այլն։ Պուտինին նույնպես Նիկոլը ձեռնտու է, որովհետեւ խոշոր հաշվով ինքն Արեւմուտք գնալու իմիտացիայով է ընդամենը զբաղված։ Ինքը ոչ մի կտրուկ քայլ չի անում, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, նույնիսկ թուրքացման քաղաքականություն է վարում, որը ռուսներին ավելի ձեռնտու է, քան ինքնիշխան ու արեւմտամետ Հայաստանը։
Եթե հանկարծ Նիկոլը Պուտինին խանգարի, Պուտինը նրան կփոխի, ընտրություններով կամ այլ սցենարով։ Այսինքն՝ քանի Պուտինը կա, կամ Նիկոլը կմնա, կամ Պուտինը Նիկոլին կփոխի, Արեւմուտքն իշխանափոխություն չի անի։ Հետեւաբար, եթե մեր բախտը բերի, եւ պուտինյան ռեժիմը տապալվի մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, հայ ժողովրդին հնարավորություն կընձեռնվի Արեւմուտքի օգնությամբ ազատ ու թափանցիկ ընտրություններ ունենալ։ Եվ այնպես կանեն, որ հայ ժողովուրդն արդար ընտրությունների միջոցով ձեւավորի այն իշխանությունը, որն ինքն է ուզում տեսնել։ Բայց եթե Պուտինը մնա, մենք ընտրությունների ժամանակ կտեսնենք ՔՊ-Քոչարյան-Սամվել Կարապետյան խորհրդարան, ոնց որ 2021 թվականին Պուտինը ձեւավորեց «մուրճ-մանգաղ-աստղ» խորհրդարան։
–Հավանական համարո՞ւմ եք, որ Զելենսկին հրաժարական կտա։ Եվ ի՞նչ կասեք ուկրաինացիների դիամադրության մասին, նրանք ընտրել են դիմադրության ճանապահը, բայց կարծես դա արդյունք չի տալիս։ Իմաստ կա՞ դիմադրությունը շարունակելու։
-Զելենսկին իմ աչքի լույսը չէ, ես վստահ եմ, որ Զելենսկին այդ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված է եղել, բայց խնդիրն այն է, որ եթե Զելենսկին հեռանա, պետք է լինեն ընտրություններ։ Իսկ պատերազմի ժամանակ ընտրություններն անհնարին են։ Զելենսկու հեռանալը կարող է ապակայունացնել իրավիճակը։ Իմ կարծիքով՝ հիմա Զելենսկին պետք է մնա, բայց Վալերի Զալուժնիին պիտի վերադարձնի ակտիվ քաղաքականություն՝ կամ վարչապետի պաշտոն տա, կամ գլխավոր հրամանատարի, որպեսզի պատերազմի հաջող ավարտից հետո միանգամից ինքը հեռանա։ Բայց հիմա Զելենսկու հեռանալը կարող է Պուտինի ջրաղացին ջուր լցնել, որովհետեւ երկրի ներսում իրավիճակը կապակայունանա։
Ամեն դեպքում Ուկրաինայում կա կռվող ժողովուրդ, ոչ մի թիզական ժողովուրդ, սեփական երկրի ամեն թիզի համար պայքարող ժողովուրդ ու բանակ, ինչպես նաեւ ազգային էլիտա։ Այնպես որ, Ուկրաինան կռվելու է մինչեւ վերջ, որովհետեւ իրենց պետականության լինել-չլինելու հարցն է։ Իսկ Ուկրաինայի հաղթանակը նաեւ մեր հաղթանական է, որովհետեւ Ուկրաինան պետք է կտրի մեզ չարիքի կայսրության հետ կապող պորտալարը, որ մենք հիշենք, որ ազգ ենք, սկսենք շնչել ու ապրել ինքնիշխան կյանքով։ Այնպես որ, слава Украине։
Ռոզա Հովհաննիսյան