
ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր որոշման նախագիծ՝ Արցախից բռնի տեղահանված, մինչև երեք անձից բաղկացած ընտանիքների բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ: Ըստ նախագծի, աջակցության ծրագրի մեկնարկը կտրվի 2026 թվականի հուլիսի 1-ից: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։
Նոր ծրագիրը ներկայումս գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի ընդունման դեպքում ծրագրին հնարավոր կլինի դիմել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը օնլայն հարթակի միջոցով, որտեղ պետք է լրացնել ընտանիքի անդամների անձնական տվյալները և հաշվեհամարը, ինչպես նաև վարձակալվող տան տիրոջ անուն ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը։
Այս որոշման նախագիծը արցախցի փոքրակազմ ընտանիքների շրջանում մեծ մտահոգություններ է առաջացնում:
Step1.am-ի հետ զրույցում նախագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել արցախցի երգչուհի Լիլիթ Ավանեսյանը:
«Ես, լինելով մեկ հոգանոց ընտանիքի ներկայացուցիչ, համարում եմ, որ տվյալ նախագծի ընդունումը բնակապահովման խնդրի լուծում չէ, քանի որ, իմ տեղեկություններով, այս պետական աջակցությունից կօգտվեն հատուկ կարիքներ ունեցող մինչև երեք անդամից բաղկացած ընտանիքները, որտեղ կան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 60 տարին լրացած անձինք:
Իսկ եթե ծրագիրն անգամ ներառի բոլոր փոքրակազմ ընտանիքներին, ապա այս դեպքում ևս կլինեն բազմաթիվ խնդիրներ: Հաշվի առնելով այսօրվա, հատկապես երևանյան ու մարզային գները (որտեղ նվազագույն բնակվարձը տատանվում է 140-150 հազարի շրջանում), 40,000 դրամով անհնար է լուծել բնակարանի վարձի խնդիրը, քանի որ դա ընդհանուր գումարի չնչին մասն է կազմում: Հետևաբար այս նախագիծը աբսուրդային ժանրից է և ընդունման պարագայում մենք տասը տարի մնալու ենք որպես վարձակալ ու չենք ստանալու սեփականություն:
Ինչ վերաբերվում է տվյալ հարցի լուծմանը, ապա ներկայումս կարավառության կողմից ես նույնիսկ քայլեր չէմ տեսնում այդ ուղղությամբ, էլ չէմ խոսում համապատասխան նախագծեր առաջարկելու վերաբերյալ: Արցախցիների բնակապահովման խնդրի լուծումը ես տեսնում եմ միայն նրանց բնակարաններ տրամադրելու եղանակով՝ գյուղաբնակներին գյուղերում, իսկ քաղաքաբնակներին՝ քաղաքներում: Բնակարանների կառուցման գործընթացը կարելի է իրականացնել պետական ծրագրով՝ արցախցիներին տրամադրվող բնակարանային սերտեֆիկատների գումարներով, ներգրավելով օտարեկրյա դոնորների:
Եթե ՀՀ կառավարությունը ցանկություն չունի հրատապ ու պատշաճ լուծոմ տալ տվյալ հարցին, ապա մենք՝ արցախցիներս պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք: Պետք է դիմել գերտերությունների դեսպանատներ, որպեզի համաշխարհային հանրությունն ուշադրություն դարձնի, և տվյալ խնդիրներին ի վերջո լուծում տրվի»։
Արսեն Աղաջանյան