Սամվել Մովսիսյան․ ամեն ինչ արվում է արցախցի բալիկներին օգտակար լինելու համար

  • 16:07 07.12.2025

Դեկտեմբերի 6-ին Երևանի Մարիոթ հյուրանոցն Արցախով էր շնչում․ մանուկների խինդ ու ծիծաղ, արցախյան քաղցրածոր բարբառ, կարոտած հայացքներ, սրտաբուխ հիշողություններ․․․

Արցախցի շուրջ 450 երեխաներ էին հավաքվել։ Առիթը ձմեռային բաճկոններ ստանալն էր։ Նրանց այդ ուրախությունը պարգևել է արցախցիների բարեկամ Սամվել Մովսիսյանը, ով մի շարք բարեգործների շնորհիվ ավարտին է հասցրել նոյեմբերի 1-ին սկսած ծրագիրը։ Բաճկոններ են տրամադրվել զոհված զինծառայողների, պայթյունից տուժածների, հաշմանդամ ու բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև երեխաների, ովքեր ունեն դրա կարիքը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Սամվել Մովսիսյանը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է արցախցի բալիկներին օգտակար լինելու համար և նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Նա շնորհակաություն հայտնել նաև բոլոր հովանավորներին և Մարիոթ հյուրանոցի տնօրենությանը՝ բարեգործական նպատակով սրահը տրամադրելու համար։

Ծրագրի հովանավորներից՝ ՀՀ մշակութային գործիչ, վաստակավոր դերասան Հրանտ Թոխատյանն իր սրտի խոսքն է ուղղել ներկաներին։ Նա շեշտել է, որ արցախցի բալիկները միշտ գտնվելու են ուշադրության ու հոգատարության ներքո և արվելու է հնարավորը, որպեսզի նրանց աչքերում միշտ ուրախություն լինի և հետագայում ավելի շատ երեխաների տրվի նման աջակցություն։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի այրի Աննա Ավանեսյանը բոլորի անունից իր շնորհակալությունն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին ու կազմակերպիչներին՝ նշելով, որ այսօր ցանկացած աջակցություն անհրաժեշտություն է յուրաքանչյուր արցախցու։

Միջոցառման ընթացքում երեխաները հանդես են եկել երգ ու պարով՝ ցույց տալով այն մեծ սերն ու կարոտը, որ տածում են Արցախի հանդեպ․․․

Նշենք, որ Սամվել Մովսիսյանի նախաձեռնությամբ մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացվել 2023-ի տեղահանությունից հետո։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ