Ժամանակն է մեջքը ուղղել և վնասազերծել հակահայ «ականները»

  • 17:29 07.12.2025

Միջազգային ճգնաժամային խմբի 2019 թվի դեկտեմբերի 20-ին հրապարակած զեկույցը ավելորդ հիշեցում է, որ բանակցային գործընթացի դիվանագիտական ու քաղաքական ողջ բովանդակությունը մնում է խեղված ու վտանգավոր: Նաև արդարության ու ճշմարտության դեֆիցիտը շարունակում է արդիական մնալ, քանի դեռ հեղափոխությունն էլ միտված է շրջանցելու հիմնական քաղաքական գործոնին` Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին, ու 1987-1992թթ. Ադրբեջանում տեղ գտած ցեղասպանության փաստը:

Սովորականի նման, այս զեկույցն էլ աչքի է զառնվում կեղծիքներով ու ընդգծված կողմնակալությամբ համեմված գեղարվեստական ձևավորմամբ, ինչը միտված է ապահովելու հուզական դաշտ, որում ադրբեջանական կողմը կընկալվի զոհ:  Ճգնաժամայինը տեղադրում է լուսանկար, որի տակ գրում է, թե Ադրբեջանի Թարթառի շրջանի Հասանքայայի գյուղի փողոցի սյունին փաթաթված արհեստական ծաղիկները ի հիշատակ են մի աղջկա, ով զոհվեց 2016 թվի սրման (էսկալացիայի) ժամանակ, ու անբարո կեցվածքով կրկին խեղվում են ագրեսորի ու զոհի դերերը: Հաջորդ լուսանկարում շփման գծին մոտ բնակվող «ադրբեջանցի ներքին տեղահանվածներն» են, իսկ արդեն երրորդում` շինարարության պահ է Իշխանաձորում, ըստ Ճգնաժամայինի` վերջինս ամենաարագ ու ամենամեծ կառուցվող բնակավայրն է  Ազատագրված տարածքներում, որոնց դա բնորոշում է «հարակից»: Ճգնաժամայինի ուշադրությունը սևեռված է «հարակից» տարածքներում վերաբնակեցմանը: Ասում են` սատանան մանրամասների մեջ է. վերաբնակիչների մասին խոսելիս նշում է, որ «էթնիկ հայեր են` տեղափոխված Ադրբեջանի հարևան շրջաններից կոնֆլիկտի ընթացքում», փաստում է նաև, որ բանակցությունները 1992 թվին սկսված կոնֆլիկտի շուրջ են, բայց ոչ մի խոսք կոնֆլիկտի էության մասին: Այնուհետև, հղում անելով Արցախի իշխանություններին, պատմում է, որ մինչև 2004 թիվը Ազատագրված տարածքներում վերաբնակվել են 30 000 Ադրբեջանից հայ փախստականներ ու  60 000 ներքին տեղահանվածներ` Շահումյանի շրջանից: Ճգնաժամայինը նաև հիշեցնում է, որ մինչև 2005 թիվը Երևանը ֆինանսավորել է վերաբնակեցումը, սակայն 2005 թվին Մինսկի խումբը  կոչ էր արել կասեցնել այն, ու Երևանը արգելափակել է Ազատագրված տարածքների վերաբնակեցումը: Այս հարցին մենք անդրադարձել ենք նաև այստեղ`(https://www.lragir.am/2019/08/18/468169/):

Ճգնաժամայինը զեկույցը կրկին կառուցում է քննարկման դաշտում դրված հակահայ «ականների» վրա, որոնք հայտնվեցին դեռևս բանակցային գործընթացի ակունքներում ու մինչ օրս վնասազերծված չեն:  Իսկ դրա ֆոնին Հայաստանում հնչում է «ստատուս քվոյի պահպանման» բանաձևը: Թե որքան վտանգավոր է վերջինը, կարելի էր նույնիսկ եզրակացնել անցած տարվա դեկտեմբերի 4-ի Բրատիսլավյան հանդիպման և դրան հետևած օրերին հայության փոթորկահույզ հոգեվիճակից ու իշխանությունների հանդեպ սրված անվստահության մթնոլորտից: Չվնասազերծված «ականները» հայության մեծ հոգսն են կենսական կարևորության այդպիսի մի հարցում, ինչպիսին Արցախյանն է:

Որո՞նք են այդ «ականները», որ այսօր էլ փորձում են թավիշով շղարշել:

Առաջին «ականը» այն է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները`որպես առանցքային քաղաքական գործոն, դուրս են մղվել բանակցային գործընթացից` հենց սկզբից: Թե ինչո±ւ`մեր հարցին Վ. Կազիմիրովը պատասխանեց, որ դա եղել է հայկական կողմի որոշմամբ: Իսկ հայկական կողմը այդպես էլ պատասխան չի տվել մեզ: Մենք գտել ենք այդ հարցի պատասխանը, ու մեզ դրանում օգնել է նաև Ճգնաժամայինը:

Երկրորդ «ականը»`իբրև 1992 թվին Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագել է կոնֆլիկտ: Իրականում 1992 թվին (դրա մասին վկայում է նաև Ա. Մութալիբովը 2017 թվի վերջին տված իր հարցազրույցում) Ադրբեջանի նկրտումն էր Չարդախլուից, Սումգայիթից, Նախիջևանից, Բաքվից, Գանձակից և Գարդմանքից, Շաքիից ու Շիրվանից հետո էլ հայության ցեղասպանությունը շարունակել Լեռնային Արցախում: Ու բռնկվեց ինքնապաշտպանական պատերազմը` մի կողմում հայությունն էր, մյուս կողմում ցեղասպան Ադրբեջանը: Այսինքն, բանակցություններում չեն քննարկում 1987թվին Չարդախլուում, 1988-ին` Սումգայիթում, 1988-1989 թվերին Գանձակում ու Գարդմանքում, 1988-1989 թվերին և 1990 թվի հունվարի 11-19-ին`  Բաքվում ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստը: Չեն քննարկում, որ 1987-1992 թվերին Բաքվում տեղավորված ցեղասպան ռեժիմը կոնֆլիկտի մեջ էր իր իսկ քաղաքացիների հետ` պետականաստեղծ, տիտղոսային հայ ազգի ներկայացուցիչների հետ, այսինքն, չեն քննարկում, որ կոնֆլիկտը ի սկզբանե ներադրբեջանական էր: Ահա այսպես էլ շրջանցում են շուրջ 820 000 Ադրբեջանական խՍՀ-ից հայ փախստականների ձևավորման պատճառը (Ճգնաժամայինը հղում է անում հայկական իշխանությունների այն վկայությանը, որ Հայաստանում գրանցվել են ավելի քան 360 000 հայ փախստականներ), այնուհետև, նաև` նրանց  իրավունքները:

Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը 1990 թվականի փետրվարի 13-ին ընդունել է որոշում` «1990 թ. Բաքու քաղաքում և Ադրբեջանական ԽՍՀ-ի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած սպանությունների, ջարդերի և դրա հետևանքով տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրման մասին», որտեղ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր հայկական բնակավայրերում տեղ գտած ոճրագործությունները գնահատեց որպես ցեղասպանության շարունակություն: Այս որոշումը տեղ չգտավ բանակցային գործընթացում, այսօր էլ`Բաքվի հայերի 1990 թվի հունվարի ցեղասպանությունից 30 տարի անց, հայկական պետական մարմինները շրջանցում են այն:

Հեղափոխական իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ստեղծման ու ամրացման համար պահանջված է, որ նրանք, նաև անկախ մասնագետների և փորձագետների ներգրավմամբ, կազմակերպեն ուսումնասիրություններ և քննարկումներ 1987-1992 թվերին Ադրբեջանում հայության դեմ կատարվածի շուրջ, որոնց արդյունքները հետո պետք է մտնեն բանակցային քննարկման դաշտ: Այդ մասին մեր կողմից մշակած նախագիծը կառավարություն է ներկայացվել դեռևս 2019 թվի ամռանը:

Եվ երրորդ «ականը» տարածքներին տրված կարգավիճակն է` «օկուպացված»: 2019 թվի սեպտեմբերին կառավարություն ենք ներկայացրել միջազգային իրավական ակտերի, կոնվենցիաների, որոշումների յոթ փաթեթներ, որոնք հիմք են տվել մեզ պարբերաբար հայտարարելու, որ Ազատագրված տարածքների եզակի իրավատերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն են, որ այդ տարածքների կարգավիճակը «օկուպացված» լինել չի կարող, դրանք ազատագրված են ցեղասպանից:

Հայկական իշխանությունները պետք է հրաժարվեն «ժամանակ շահելու» անհեռատես ու ռիսկային մարտավարությունից, օր առաջ մշակեն ռազմավարություն ու ձեռնարկեն թուրքիզմի ծրագրերը սնուցող «ականների» վնասազերծման քայլեր: Չմոռանանք, որ դրանց կարող են «պայթեցնել» մեզ համար խոցելի պահի:

Իսկ ժամանակ կարելի էր շահել, թե չարգելեին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին` Ազատագրված տարածքների իրավատիրոջը, վերաբնակվել այնտեղ: Թեկուզ հիմա` թո՛ղ սկսվի տարածքների լիարժեք վերաբնակեցումը:

Այսօր վերաբնակեցման տեմպերը որքան էլ որ բարկացնեն Ճգնաժամայինին կամ էլ Մինսկի խմբին, միևնույնն է, առայժմ կաշկանդված են տարածքները «սեփականացրած» օլիգարխների ճիրաններում:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող` Մարիամ Ավագյան

02.01.2020թ.

https://www.lragir.am/2020/01/02/506266/