
Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում օրերս Գյումրիում անցկացվեց կարողությունների զարգացման դասընթաց՝ նվիրված մարդու իրավունքներին, փախստականների իրավունքներին և իրավական փաստաթղթերի մշակման գործընթացին։
Դասընթացը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը, ով մասնակիցներին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, ՄԻՊ-ի գործունեության կառուցվածքը, թեժ գծի հեռախոսահամարները, ինչպես նաև դիմումների ու բողոքների ներկայացման ընթացակարգերը։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող իրավական խնդիրներն ու հարցերը՝ ստանալով մասնագիտական խորհրդատվություն։ Բացի այդ, ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2024 թ․ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են փախստականների համար հասանելի ծառայությունները, ծրագրերը և իրավական աջակցության հնարավորությունները։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ համագործակցությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպությունների։ Նախաձեռնության նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց՝ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը սեփական իրավունքների վերաբերյալ և ապահովելով տեղեկատվության հասանելիությունը նախատեսված ծառայությունների ու հնարավորությունների շուրջ։
Մարիամ Սարգսյան